Ժողովող գիրք

Ժողովող գիրք

Ժողովողը Հին Կտակարանի և Աստվածաշնչի կանոնի գրքերից մեկն է, որը պատկանում է իմաստության գրքերի թվին: Այն գրված է հանգավոր արձակով, որտեղ հանդիպում են բազմաթիվ զուգահեռականություններ, ինչպես նաև տարբեր ձևերի մեջ առնված միևնույն գաղափարի կրկնություններ:

 

Գիրքը կյանքի, մահվան, իմաստուն մտքերի, երջանկության և այլ երևույթների մասին պատմող ժողովածու է: Հուդդայական և քրիստոնեական ավանդության համաձայն` գրքի հեղինակն է Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը, ով Երուսաղեմի տաճարի օծման առիթով բազմաթիվ իսրայելցիներին ժողովելու պատճառով «Ժողովող» է կոչել ինքն իրեն: Սակայն ըստ ժամանակակից ուսումնասիրողների՝ Ժողովող գիրքը գրվել է մ.թ.ա. 4-5-րդ դարերում և ոչ մի կապ չունի Սողոմոնի հետ:

 

Այդուհանդերձ, անկախ վարկածներից, գիրքն իրապես փիլիսոփայական և հանճարեղ է, քանզի հենց առաջին նախադասությունից հեղինակը մեզ ներկայանում է իբրև իմաստուն մեկը, ով մեզ է փոխանցում այն փորձառություններն ու կյանքի գիտելիքները, ինչը ձեռք է բերել հենց սեփական փորձով:

 

Սակայն ի տարբերություն առակների գրքի, այստեղ ներառված են ոչ թե ավանդական, սեփական կյանքի փորձով ձեռք բերված իմաստություններ, այլ բազմաթիվ բաներ տեսնելուց հետո հեղինակի այն եզրահանգումը, որ ի վերջո երջանկությունը անկայուն երևույթ է, և շատ հաճախ դրան հասնելու մարդկանց ջանքերն անօգուտ են:

 

Գրքում զետեղված են խորը փիլիսոփայական մենախոսություններ, որտեղ հեղինակը ինքն իրեն հարց է տալիս, թե արդյոք կյանքը որևէ իմաստ ունի, և ընդհանրապես արժե՞ այն ապրել: Այսկերպ հեղինակը կարծես ստիպում է ընթերցողին մտորել այս ամենի շուրջ և նույն հարցերը տալ նաև ինքն իրեն:

 

Ժողովոդը նման է Հոբի գրքին՝ շեշտադրումների տարբերությամբ: Մինչ Հոբը բողոքում է մարդկային տառապանքի անհեթեթության դեմ, Ժողովող գրքի իմաստունը արտահայտում է երկմտությունը մարդկային երջանկության իմաստի մասին:

 

Մարդկային ուրախությունների և սպասումների անիմաստ լինելու փաստն ապացուցվում է գրքի սկզբից մինչև վերջ: Մահվան հարատև սպառնալիքի և մարդկային կյանքում տիրող անարդարության պատճառով մարդու զգացած անապահովությունը, Աստծո ծրագրերը բացահայտելու անհնարինությունը մարդկային ճակատագիրն ու կյանքը դարձնում են անորոշ ու անհաստատ:

 

Գրքում տեղ գտած բազմաթիվ իմաստությունները, փիլիսոփայական փաստարկները, ժխտողական մտորումները առիթ են հանդիսանում, որպեսզի յուրաքանչյուր անհատ իրապես մտորի կյանքի իմաստի, վարվելակերպի և աշխարհընկալման մասին:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×