Սիրաքի գիրքը

Սիրաքի գիրքը

Աստվածաշնչի Սիրաքի գրքի ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ այն ստեղծվել է մ.թ.ա. 170 կամ 290 թվականներին: Գիրքը հայտնի է նաև Ամենաառաքինի իմաստության մասին Ջոշուա Բեն Սիրայի գիրք անվամբ:

 

 

Գրքի հեղինակը Իսրայելի սրբազան գրքերի փայլուն մասնագետ էր, դասվում էր իմաստունների թվին և շատ էր սիրում ճանապարհորդել: Նա ապրել է Երուսաղեմում մակաբայեցիների ապստամբությունից առաջ: Գրքի հիմնական նպատակն է հելլենիզմի շարունակաբար մեծացող ազդեցությունից պաշտպանել նախնիներից իսրայելի ժողովրդին փոխանցված մշակութային և կրոնական անգին ժառանգությունը:

 

 

Սիրաքի գիրքը գրվել է եբրայերենով, որի բնագիրն ավաղ ամբողջությամբ չի պահպանվել: Այն ամբողջությամբ մեզ է հասել, միայն հունական թարգմանությամբ, որը կատարել է հեղինակի թոռը: Թեպետ գիրքը դասվում է իմաստությունների շարքին, այդուհանդերձ դժվար է ասել, որ այն ունի ընդհանուր ծրագիր: Հեղինակն իր ուսուցումը բաժանել է 5 հիմնական մասերի, որից վերջինում նա փառաբանում է Աստծուն իբրև Արարչի, ինչպես նաև հյուսում է իր նախնիների գովքը`Ենոքից և Նոյից սկսած մինչև Նեեմի:

 

 

Հետաքրքրական է, որ այն աշխարհի տարբեր եկեղեցիների կողմից մեկնաբանվում է տարբեր կերպ: Օրինակ`Ռուս Ուղղափառ եկեղեցին այն համարում է ոչ կանոնական գիրք, Հունական Ուղղափառ եկեղեցում այն դիտվում է իբրև ընթերցանության համար նախատեսված գիրք, իսկ Կաթոլիկ Եկեղեցին գիրքը դասում է երկրորդականոն գրքերի շարքին:

 

 

Այդուհանդերձ, գիրքն օգտակար է և խրատական:

 

 

Գրքում արծարծվում են բազում թեմաներ`ընկերության, ազնվության, երեխաների դաստիարակության, կանանց, բժիշկների, հիվանդների, Իսրայելի հին պատմության, պաշտամունքի, ազատության, այլ բարոյական և կարևոր թեմաների շուրջ, որոնք իրենց կարևոր ազդեցությունն են թողնում յուրաքանչյուր անհատի հոգևոր զարգացման գործում:

 

 

Լինելով իմաստալից գրվածքների արժանի ժառանգորդը, ինչպիսիք են, օրինակ, Յոբի գիրքը և Առակները՝ հեղինակը փորձում է իր ամբողջ փորձն ու գիտելիքները ի սպաս դնել ժամանակի երիտասարդությանը`ուսուցանելու, թե որքան կարևոր է կյանքի յուրաքանչյուր իրավիճակում ապրել աստվածահաճո կյանքով և գործել Տիրոջ կամքի համաձայն:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×