Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մատթեոս, Ս. Մարկոս, Ս. Ղուկաս և Ս. Հովհաննես ավետարանիչների տոնը: Նրանք Նոր Կտակարանի չորս Ավետարանների հեղինակներն են: Քրիստոսի Խաչելությամբ և Հարությամբ Տիրոջ հաղթանակը չարի դեմ և Նրա միջոցով՝ Աստծո թագավորության հաստատումը համարվում են այն բարի լուրը, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: Իսկ գրքերը կոչվեցին Ավետարաններ՝ ի նշան նրա, որ ավետում են այդ բարի լուրը:
Ավետարանիչներից յուրաքանչյուրի պատմությունը յուրովի է կապվում Քրիստոսի և քրիստոնեության հետ: Նրանցից յուրաքանչյուրը, Ավետարանը գրելուց բացի, ծավալել է նաև լայն քարոզչական գործունեություն:
Առաջին Ավետարանի հեղինակը՝ Ս. Մատթեոսը, ով Կափառնա քաղաքում մաքսավոր էր, վաճառել է իր ունեցվածքը, գումարը բաժանել աղքատներին, դարձել Քրիստոսի հետևորդ:
Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիր Ս. Մարկոսն Աստծո խոսքը քարոզել է Եգիպտոսում՝ այնտեղ նահատակվելով:
Ս. Ղուկաս Ավետարանիչը, լսելով Քրիստոսի քարոզների մասին, եկել է Պաղեստին և հետևել Տիրոջը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Թեբայում:
Ս. Հովհաննեսին Քրիստոս այնքան էր սիրում և վստահում, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին:
Եկեղեցական ավանդության մեջ չորս ավետարանիչները ներկայացվում են իրենց խորհրդանիշերով. Մատթեոսը` հրեշտակակերպ մարդ, Մարկոսը` առյուծ, Ղուկասը` եզ և Հովհաննեսը` արծիվ:
Մատթեոսի խորհրդանիշը մարդն է, քանի որ նրա Ավետարանը սկսում է Քրիստոսի մարդեղության` ծննդյան պատմությամբ: Մարկոսինն առյուծն է, քանի որ նա իր Ավետարանի սկզբում առյուծաբար հայտարարում է, որ Հիսուս Աստծո Որդին է: Ղուկասինը եզն է, քանզի նրա Ավետարանը սկսում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Եվ Հովհաննեսի խորհրդանիշն արծիվն է, քանզի արծվաբար թռչելով` հայտարարում է Քրիստոսի Աստված լինելը:
Չորս ավետարանիչների կատարած գործն անուրանալի է: Նրանց անձնուրաց աշխատանքի արդյունքն է, որ շարունակաբար սերունդներին է ավետվում Աստծո թագավորության հաստատման բարի լուրը, և որ ունենք քրիստոնեության համար անգին համարվող գանձերը՝ չորս Ավետարանները:
Աղոթք՝ Չորս Ավետարանիչների տոնին.
Սուրբ Ավետարանիչներից պատկերեցիր իբրև քառակերպ քերովբեներ՝ բանական մարդ, քաջ առյուծ, զոհ մատուցելու եզ և բարձրաթռիչ արծիվ, որոնց կանգնացրիր իբրև քառանիվ հանգստյան կառք Քեզ համար և աստվածային մարդեղությանդ մասին պատմողներ Մովսեսից առավել, նրանցով ոռոգեցիր Քո եկեղեցին՝ իբրև Եդեմի չորս վտակներով: Արդ, նրանց աղոթքներով ու բարեխոսությամբ հաստատո՛ւն պահիր Քո եկեղեցին նրանց ավետարանական ավանդի հիման վրա, որպեսզի հավատով ու սիրով զարգանալով նրանց վարդապետությամբ՝ Արքայությանդ վերին դպրատանը սուրբ Ավետարանիչներիդ՝ չորս ծայրագույն վարդապետներիդ հետ մասնակից լինենք քեզ տեսնելու երանությանը. ամեն:
Հակոբ Պատրիարք Նալյան «Գիրք աղոթից»:
Վիկտորյա Մարկոսյան