Նեեմի գիրքը Հին Կտակարանի գրքերից մեկն է, որը հաջորդում է Եզրասին: Թեպետ հարկ է նշել, որ Նեեմիի գիրքը հանդիսանում է Եզրաս գրքի անմիջական շարունակությունը և սկզբնական շրջանում այս երկու գրքերը կազմում էին մեկ ամբողջություն: Գրքում հանդիպում են անհատական փաստաթղթեր, որտեղ զետեղված են հենց իր` Նեեմիի հիշողությունները:
Նեեմին աշխարհական այր էր, Եզրաս քահանայի ժամանակակիցը և բարձրաստիճան պաշտոնյա Պարսից արքայից արքա Արտաշեսի արքունիքում: Նա թույլտվություն է ստանում արքայից՝ Երուսաղեմ վերադառնալու և հայրենիքի քաղաքական, տնտեսական և ընկերային կյանքի վերաշինության գործերով զբաղվելու համար:
Հասնելով այնտեղ՝ Նեեմին ձեռք է բերում որոշ հակառակորդներ, սակայն ի հակառակ դրա՝ պաշտպանություն է գտնում բազմաթիվ հայրենակիցների կողմից, և նրանց ապավինությամբ՝ վերակառուցում Երուսաղեմի պարիսպները:
Այնուհետև տեղի է ունենում կրոնական մի արարողություն, որի ժամանակ նա դառնում է Եզրաս քահանայի աջակիցը և անցնում նրա կողմը: Կրոնական այդ արարողության ընթացքում Եզրաս քահանան մի ընթերցանություն է կատարում Աստծո Օրենքի մասին: Ղևտացի քահանաները բացատրում են Եզրասի խոսքի բովանդակությունը, ինչպես նաև թարգմանում, որպեսզի այն հասկանալի լինի նաև այն ժողովրդի համար, որոնք չէին տիրապետում եբրայերենին: Այս խոսքը օգնում է ժողովրդին հավատարմության ուխտ կնքել Աստծո առաջ և վերանորոգել իր պարտավորությունները նրա հանդեպ:
Նեեմին նաև ձեռնամուխ է լինում կրոնական բնույթի մի շարք բարեփոխությունների և իր կյանքի օինակով, սկզբունքներով և նախաձեռնող բնավորությամբ դառնում քաջարի, ուժեղ և բարեպաշտ մարդու կենդանի օրինակ համամարդկության մեջ:
Արմեն Չաքմիշյան