Հին Կտակարանում ներառված Տոբիթի գրքի բովանդակությունը հիմնականում դաստիարակչական է: Այստեղ պատմվում է մի աստվածապաշտ իսրայելցի ընտանիքի մասին, որը Սամարիայի կործանումից անմիջապես առաջ, աքսորվել է Ասորեստան (Ք.ա. 722 թ.):
Այս ընտանիքը անցնում է տարատեսակ փորձությունների և դժվարությունների միջով, որի ժամանակ Տոբիթը և իր որդին անում են ամեն հնարավորը, որպեսզի բարեպաշտորեն և բծախնդրությամբ պահպանեն Հին Կտակարանի օրենքի սահմանած բոլոր պատվիրանները:
Նրանց ծրագրերի իրականացման ճանապարհին՝ Ռաֆայել հրեշտակն իր հրաշագործ զորությամբ մշտապես օգնում է նրանց` ստացած լինելով իրենց հավատակից եղբայրներից մեկի կերպարանքը:
Տոբիթի գրքի հիմնական նպատակն է քաջալերել և ուսուցանել օտարության մեջ ապրող հրեաներին: Գիրքը նաև մեզ հիշեցնում է կյանքի այն կանոնները, որոնք պարտավոր են պահպանել ընտրյալ ազգի ներկայացուցիչները, ինչպես նաև պատգամում է հարգել ծնողներին, ծառայել մերձավորներին, հավատարիմ լինել Աստծո օրենքներին, աղոթքով ու ողորմածությամբ ապրել:
Ասված է՝ ապրելով այս կանոններով և պահպանելով Աստծո օրենքները՝ իսրայելցիները վստահաբար կկարողանան պահպանել իրենց ինքնությունը հեթանոս ժողովուրդների մեջ`մնալով հանդերձ Աստծու հավատարիմ և արդար զավակները, քանզի Աստված երբեք միայնակ չի թողնում իր հավատավոր զավակներին:
Արմեն Չաքմիշյան