Ընթերցողի հոգու աչքերը՝ «Դեպի լույս և կյանք»

Ընթերցողի հոգու աչքերը՝ «Դեպի լույս և կյանք»

Դեպի լույս և կյանք խորագրով ժողովածուում ամփոփված է Գարեգին Ա Կաթողիկոս Հովսեփյանի քարոզախոսական ավանդը: Գիրքն ամբողջությամբ քարոզգիրք չէ սակայն: Այստեղ ամփոփված են Կաթողիկոսի մտքերը, ցանկությունները, զգացողություններն ու ավանդները, որոնք հարկ է, որ փոխանցվեն մեր ժամանակների հոգևորականներին և հավատացյալներին:

 

 

Ինքը՝ գրքի հեղինակն է գրքի առաջաբանում նշում՝ կցանկանար, որ գիրքն օգտակար լիներ նաև դպրոցի ուսուցիչներին: Նա գրում է. «Իհարկե, սա դասագիրք չէ, ուրեմն և ոչ անմիջական նյութ՝ աշակերտներին ավանդելու, բայց ոչ անօգուտ՝ կրոնական-եկեղեցական խնդիրների լուսաբանության մեջ»:

 


Գրքի խորագիրը՝ դեպի լույս և կյանք, ընտրված է, որպեսզի այն ընթերցողների հոգու աչքերն ուղղվեն դեպի այդ երկու երևույթները՝ Աստվածային լույսը, որից էլ ստեղծվել է կյանքը:

 


Ժողովածուն ընդգրկում է քարոզներ՝ ամենատարբեր թեմաներով՝ ընտանիքից մինչև գիտություն, ազգի խնդիրներից ու արժեքներից մինչև հայ մամուլի մասին Կաթողիկոսի իղձերը:

 


Կաթողիկոսն իր քարոզներում հատուկ ուշադրության է արժանացնում հայ մարդուն՝ որպես հայ Եկեղեցու և մշակույթի պահապան և արժեքներ փոխանցող, շարունակաբար անդրադառնում է Եկեղեցու դերին՝ որպես հայապահպան , ներկայացնում Հայ առաքելական եկեղեցին որպես մեր հոգևոր հայրենիք:

 


Խորհուրդներ և խրատներ է տալիս հայ ծնողներին՝ երեխաների դաստիարակության վերաբերյալ՝ համարելով, որ նրանք են, որ պետք է պահպանեն մեր երկիրն ու Եկեղեցին:

 


Քարոզներից «Մշակներ են պետք մեզ» վերնագրվածում Կաթողիկոսը գրում է.
«Հա՛յ ընտանիքներ, հա՛յ ծնողներ, ներշնչեցեք ձեր պատանի զավակներին, թե սրբազան գործ է ժողովրդական և եկեղեցական ծառայության նվիրվելը: Հա՛յ հասարակություն, ստեղծեցե՛ք այն մթնոլորտը, որը մաքուր է և կենդանարար մեր ազգային, եկեղեցական և մշակութային կյանքի զարգացման և արդյունավորման համար: Չնմանիք անպտուղ ծառին, որ պետք է կտրվի և այրելու նյութ դառնա: Մի՛ ասեք, թե այդ հնարավոր չէ Ամերիկայում կամ Սփյուռքի այլ երկրներում: Ինչպե՞ս են ստրուկ ազգերն ազատվում և հայրենիք ստեղծում: Ինչպե՞ս են նոր գաղափարներն ու շարժումները արմատանում և հաստատվում լայն խավերի մեջ: Տվե՛ք մեզ նյութական միջոցներ, պատանի ուսանողներ, որպեսզի կարողանանք նրանց մեջ հայրենի շունչ փչել, ազգային գիտակցություն ստեղծել և հոգևոր զինվորներ պատրաստել մայրենի Եկեղեցու, դպրոցի և հայ մշակույթի պահպանության համար: «Արդ աղաչեցէք զՏերն հնձոցն, զի հանցէ մշակս ի հունձս Իւր»»:

 

 

Վիկտորյա Մարկոսյանը

  • 2021-07-08
×