Տասներկու տիեզերական սուրբ վարդապետներն այն հայրերն են, որոնց աստվածաբանական հայացքների վրա է հիմնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությունը: Ապրելով և գործելով մինչև 5-րդ դարավերջ՝ նրանք իրենց աշխատություններում տվել են եկեղեցուն հուզող գլխավոր հարցերի պատասխանները: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն նպատակն ուղղափառ հավատի պահպանությունն էր, դրա փոխանցումը սերունդներին:
Առաքինի կյանքով ու վարքով անձնավորություններ են նրանք, ովքեր Եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ:
Միշտ էլ գոյություն են ունեցել հերետիկոսություն տարածողներ, Աստվածաշունչը սխալ մեկնաբանողներ, սակայն 12 վարդապետները եկան՝ ի հակադրություն նրանց՝ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տալով ճիշտ, ճշգրիտ մեկնություններ՝ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը:
Անչափ կարևոր է տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այն շրջանում, երբ օրեցօր ավելանում են Աստվածաշնչի մեկնիչներն, ովքեր կամայականորեն են մեկնաբանում այս կամ այն դրվագն ու պատգամը, փորձում են Աստվածաշունչը ծառայեցնել ի շահ իրենց, արդարացնել իրենց կատարածը՝ Աստվածաշնչից մեջբերելով և ոչ ճիշտ մեկնաբանելով: Այդ կերպ լսողները հեռանում են իրական աստվածպաշտությունից և ճշմարիտ ճանապարհից՝ ընկնելով մոլորությունների գիրկը: Ուստի 12 վարդապետների հիշատակության օը պատեհ առիթ է, որ վերարժևորենք մեր հավատը և հիշենք ու չհեռանանք այն ժառանգությունից, որ մեզ ավանդված է:
Աղոթք Անանիա առաքյալի և տասներկու վարդապետների տոնին
Իմանալի՛ արեգակնդ Հիսուս՝ ամենայն աշխարհի լույս, զսուրբ առաքյալն Քո զԱնանիաս հալածչին Քոյ եկեղեցվո՝ Սավուղա, լուսավորիչ կարգեցեր: ԶԱնանիաս ասեմ յուղով Հոգվոյդ Սրբո օծեցյալ զհեզահոգին, զճարտար բժիշկն հոգեկան և մարմնական ախտից և զլուսավորիչն դամասկացվոց, որ վասն անվան Քո արջառաջոք տանջեցավ, քերչոք ի բոլոր մարմինն քերեցավ և ըստ նմանության սրբոյն Ստեփանոսի՝ քարկոծությամբ կատարեցավ: Ընդ նմին և զերկոտասան վարդապետսն եկեղեցվո Քո ընդ այլոց աշակերտացն Պողոսի առաքելոյդ առ Քեզ ունիմք բարեխոս, խնայեա՛ ի մեզ, Տե՛ր, և կեցո՛: Ամեն:
Հակոբ Պատրիարք Նալյան «Գիրք աղոթից»
Վիկտորյա Մարկոսյան