Աստվածաշնչի Մակաբայեցիների գրքում հիշատակում են հրեա ժողովրդի պատմության այն ժամանակաշրջանը, երբ նրանք ապստամբում են Մեծն Ալեքսանդրին հաջորդող Սելևկյան իշխանների վարչակարգի դեմ, ովքեր էլ տիրում էին ողջ Սիրիական Անտիոքի տարածքում:
Գիրքը բաժանված է 3 հիմնական մասերի:
Գրքի առաջին հատվածը ներառում է 40 տարվա պատմություն՝ Մեծն Ալեքսանդրի և նրան հաջորդող Սելևկյան իշխանների կառավարման տարիների`մասնավորապես Անտիոքոս Դ-ի քաղաքականության ասին: Վերջինիս կարևորագույն նպատակն էր հրեա ժողովրդին պարտադրել հունական կրոնական պաշտամունքներն ու սովորույթները:
Ի վերջո այս քաղաքականությունը բերեց նրան, որ Մատաթիան իր որդիների հետ կազմակերպեց զինյալ ապստամբություն՝ տիրող բարքերի դեմ: Հուդա Մակաբայեցին շուրջ 6 տարի շարունակ կռիվ է տալիս սելևկյան բանակի զորավարների դեմ, որոնք հաջորդում էին մեկը մյուսին: Իսկ նրա մահից հետո, իր գործը շարունակում է իր եղբայր Հովնաթանը, սակայն ի տարբերություն Հուդայի վերջինիս պայքարը կրում էր ավելի քաղաքական բնույթ, քան ռազմական:
Որոշ ժամանակ անց նա Ալեքսանդր Բալաս թագավորի կողմից նշանակվում է քահանայապետ, սակայն 142 թվականին սպանվում է սիրիացի զորավար Տրիփոնի ձեռքով, որը ցանկանում էր տիրանալ Անտիոքոս Դ-ի գահին:
Նախորդների առաքելությունը հանձն է առնում Հովնաթանի եղբայր Սիմոնը, ով քահանայապետ է նշանակվում Դեմետրիոս Բ թագավորի կողմից, այնուհետև վերահսկում զինյալ պայքարը և, ի վերջո, հասնում է ինքնավարության՝ իր հայրենակիցների համար: Այսպիսով, իր մեծագույն ավանդի շնորհիվ՝ Սիմոն Մակաբայեցին շուտով դառնում է հասմոնյան հրեական հարստության հիմնադիրը:
Մակաբայեցիների երկրորդ գիրքը, հանդիսանում է նախորդի շարունակությունը: Այս գրքի հիմնական նպատակն է հրավիրել Եգիպտոսի հրեաներին, որպեսզի նրանք անձամբ ոգեկոչեն Հուդա Մակաբայեցու կողմից վերաճանաչված և մաքրագործված Նավակատիքի հիշատակը: Այս նպատակը հստակորեն պարզ է դառնում գրքի առաջին հատվածում, հատկապես այնտեղ մեջբերված այն երկու նամակներում, որոնք ուղղված են Եգիպտոսի հրեական համայնքին՝ Երուսաղեմի կրոնական իշխանությունների կողմից:
Իսկ երրորդ հատվածում նկարագրվում է Հուդա Մակաբայեցու զինյալ ապստամբությունը և նրա գրանցած առաջին հաջողությունները հունական զորքերի դեմ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում մաքրագործել տաճարը և վերահաստատել հրեական պաշտամունքը: Այս մասում հիշատակվում է նաև Հուդայի նոր ձեռքբերումներն ու հաղթանակները՝ նախքան Դեմետրիոս Ա-ի բանակի զորագլուխ Նիկանորի մահը:
Մակաբայեցիների երրորդ գիրքը, ամենայն հավանականությամբ գրվել է նախորդ երկու գրքերից ավելի քան 30 տարի առաջ, որովհետև այստեղ պատմվում է Եգիպտոսի թագավոր Պիտղոմեոս Փիլոպատորի օրոք տեղի ունեցած դեպքերի ընթացքը: Պտղոմեոս Փիլիպատորը հանդիսանում է միակ Պտղոմեանը, որին հաջողվել է տիրել Եգիպտոսին:
Պատմվում է նաև, թե ինչպես է Եգիպտոսի Փիլիպատոր թագավորը գալիս պատերազմելու Ասորիքի և ասիական կողմերի արքա Անտիոքոս Մեծի դեմ: Սակայն անսպասելի դավաճանաբար սպանվում է, ինչի արդյունքում Անտիոքոսն առանց պատերազմի հաղթանակում է և ի նշան երախտագիտության՝ պարգևներ է բախշում իր պաշտած հեթանոս աստվածներին:
Այնուհետև գալիս է Երուսաղեմ և երբ ցանկանում է պատիվ մատուցելու համար մտնել տաճար, նրան ընդիմանում են հրեաները՝ համարելով նրա քայլը մեծ աղետ: Նրանք իրենց աղոթքն են հղում առ Աստված, որպեսզի այդ անօրենը ոտք չդնի իրենց սրբավայրը: Չնայած նրան, որ հրեաներին չի հաջողվում կանգնեցնել Անտիոքոսին, և նա ոտք է դնում տաճար, միևնույնն է, նա իր պատիժը ստանում է Աստծո կողմից և այնտեղից դուրս է գալիս գրեթե մահամերձ վիճակում: Հավանաբար սա է պատճառը, որ նա էլ առավել ատելությամբ է լցվում հրեաների նկատմամբ:
Այսպիսով՝ վերադառնալով Եգիպտոս, նա խիստ հրովարտակ է գրում հրեաների դեմ`պահանջելով, որ նրանք թողնեն իրենց հայրերի օրենքը: Այնուհետև Անտիոքոսը ծանրացնում է հարկերը և այդ ամենը դեռ բավական չհամարելով`հրաման է արձակում ամբողջ երկրի տարածքում շղթայակապ անել բոլոր հրեաներին և փղերի ոտքերի տակ ոչնչացնել նրանց:
Սակայն Աստված երբեք միայնակ չի թողնում իր հավատավոր ժողովրդին և մեծ խնամակալությամբ չարագործի ցասումը փոխում է գթասրտության, ինչի արդյունքում հրեաները փառքով և պատվով ազատ են արձակվում:
Այս ամենից հետո Անտիոքոսը գրում է մի նոր հրովարտակ՝ ի պաշտպանություն հրեաների, և որպեսզի այն մեծարանքով ընդունվի վերջիններիս կողմից, հրաման է արձակում վերադարձնել նրանցից առգրավվածն ու նրանց ձեռքը հանձնել իրենց նախնիների օրենքներից հրաժարված և Աստծուն ուրացած հրեաներին`արժանի պատիժ ստանալու համար:
Ի վերջո Անտիոքոսն այս հրովարտակը գրում է Փիլիպատոր Պտղոմեոսի անունով և ինքն էլ իրեն կոչում է Պտղոմեոս, որովհետև նա հաղթանակորեն տիրել էր նրա երկրին:
Արմեն Չաքմիշյան