Սուրբ Պատարագի խորհուրդը և Հայոց «Պատարագամատույց»-ի կազմավորումը

Սուրբ Պատարագի խորհուրդը և Հայոց «Պատարագամատույց»-ի կազմավորումը

«Պատարագը սքանչելի և փրկագործ խորհուրդ է հաղորդության՝ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անմահացուցիչ մարմնի և արյան, որը եկեղեցու պաշտոնյաների միջոցով սրբագործվելով, նվիրվում է Հայր Աստծուն հաղորդության արժանացածների մեղքերի քավության ու թողության համար»:

 

Մատթեոս կաթողիկոս

 

«Պատարագը» զենդերեն բառ է, որ նշանակում է նվեր, ընծա: Քրիստոնյաների ներկայիս ըմբռնմամբ՝ նշանակում է զոհ, զոհաբերություն, որը գործածական է դարձել սկսած Բ դարից և նշանակել է մարդկության փրկության համար Հիսուս Քրիստոսի զոհաբերումը՝ պատարագվելը խաչի վրա:

 

Պատարագը ծագում է հրեական կրոնի հոգևոր եղբայրակցական ճաշի օրինակից, որը կոչվում էր «Խապուրա»: Խապուրայի ընթացքում հավաքվածների առաջնորդը, վերցնելով հացը, բեկանում էր այն՝ արտասանելով մի կարճ աղոթք, որից հետո բեկանված և օրհնված հացը բաժանում էր Խապուրայի մասնակիցներին: Մեզ հայտնի «Վերջին ընթրիքը» ինքնին Խապուրայի օրինակ էր, որը մեզ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, պատրաստեց Իր հետևորդների ամենամտերիմ շրջանակի հետ:

 

Ներկայումս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «Պատարագ» եզրը լայն առումով օգտագործում է՝ արտահայտելու Սուրբ Հաղորդության խորհուրդը: Սուրբ Պատարագը քրիստոնյաների գլխավոր ծիսական արարողությունն է: Հաղորդությունը եզակի խորհուրդներից մեկն է, որ հաստատվել է հենց Հիսուս Քրիստոսի կողմից Վերնատանը՝ վերջին ընթրիքի ժամանակ: «Եվ Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞ւր ես կամենում` պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես» (Մատթեոս ԻԶ 17):

 

«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց, կտրեց ու տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս ԻԶ 26-28):

 

Վաղ Եկեղեցու հայրերի համար «Հաղորդություն» բառը ողջ Պատարագը միավորող և իմաստավորող գլխավոր բառն է եղել: Հայրերը «Հաղորդություն» են անվանել նվիրական հացն ու գինին, դրանց նվիրաբերումն ու սրբագործումը, փոխակերպումը Քրիստոսի Մարմնի և Արյան և, ի վերջո, դրանց ճաշակումը: Եկեղեցական հայրերից ոմանք, բացարձակեցնելով Հաղորդության խորհուրդը, ընդունում են, որ այն գերակա է մյուս բոլոր խորհուրդներից, և դրա համար է Պատարագի նախընթաց երգը կոչվում «Խորհուրդ խորին, անհաս և անսկիզբն»: Եվ համեմատական զուգահեռներ անցկացնելով Մկրտության և Հաղորդության միջև՝ նշում են, որ եթե Մկրտությունը խորհուրդների սկիզբն ու դուռն է, ապա Հաղորդությունը խորհուրդների կատարումն ու լրումն է:

 

Սուրբ Պատարագի տեքստը և արարողությունն անցել են զարգացման տևական ուղի և դարերի ընթացքում կրել են մի շարք փոփոխություններ: Սկզբնական շրջանում գրավոր «Պատարագամատույցներ» չեն եղել, և ծիսական արարողությունը հիմնականում փոխանցվել է բերանացի: Յուրաքանչյուր պատարագիչ ազատորեն կարող էր իր կողմից աղոթք ասել, որը չպետք է հակասեր դավանաբանությանը: Հնագույն Պատարագը վերագրվում է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Այնուհետև հայտնի էին Պատարագի երուսաղեմյան, անտիոքյան և ալեքսանդրյան տարբերակները: Հետագայում Հայ Առաքելական Եկեղեցու ընդլայնման և հզորացման հետ մեկտեղ անհրաժեշտություն առաջացավ՝ օգտագործվող տարբեր Պատարագները միավորելու մեկ ընդհանուր գրքի ներքո, որպեսզի Սուրբ Պատարագ մատուցվի մեկ միասնական գրքով՝ «Պատարագամատույց»-ով:

 

Հայ Եկեղեցին 4-րդ դարից մինչև 17-րդ դար կազմել և օգտագործել է զանազան «Պատարագամատույցներ»: Հայկական Պատարագը սկսել է կազմավորվել Դ դարում, երբ դեռևս մատուցվում էր հունարեն և ասորերեն լեզուներով: Մինչև Ե դարը Հայ եկեղեցին օգտագործում էր Պատարագի այն տարբերակը, որը սուրբ Գրիգոր Լուսավորիչը բերել էր Կեսարիայից: Ե դարից սկսած՝ Հայ Եկեղեցին սկսեց օգտագործել արդեն սուրբ Բարսեղ Կեսարացու Պատարագը, որը սխալմամբ վերագրվում էր սուրբ Գրիգոր Լուսավորչին: Հետագայում այդ օգտագործվող Պատարագի վրա հավելումներ կատարվեցին սուրբ Գրիգոր Նազիանզացու և սուրբ Հովհան Ոսկեբերանի «Պատարագամատույցներ»-ից:

 

Հայոց մեջ առաջինները, ովքեր զբաղվել են Սուրբ Պատարագի ծիսակարգով և «Պատարագամատույց»-ով, Ներսես Մեծ և Հովհան Մանդակունի կաթողիկոսներն են: Այնուհետև Ժ-ԺԲ դարերում Սուրբ Պատարագն էլ ավելի հարստացավ սուրբ Գրիգոր Նարեկացու, սուրբ Ներսես Շնորհալու և ուրիշների միջոցով:

 

Պատրաստեց

Մելինե Գրիգորյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-07-08
×