Հեսուի գիրքն Աստվածաշնչի վեցերորդ գիրքն է, հաջորդում է Մովսեսի Հնգամատյանին:
Մովսես մարգարեն վախճանից առաջ իրեն հետնորդ նշանակեց Հեսուին: Գրքում պատմվում է, թե ինչպես են Մովսեսի մահից հետո, Հեսուի գլխավորությամբ, հրեաները գրավում Ավետյաց երկիրը և այն բաժանում 12 մասի`ըստ Իսրայելի 12 ցեղերի:
Եփրեմի ցեղից Նավեայի որդի Հեսուին նախկինում անվանում էին Օսէս: Հեսու անվանումը նրան շնորհվել է իր արիության համար, որը նա ցուցաբերեց Իսրայելի վրա հարձակում գործած Ամաղեկացոց նկատմամբ: Նա Մովսեսի մտերիմ ծառան, գործակիցն ու հաջորդողն էր:
Մովսեսը Հեսուին ընտրեց նրան իր արդարամտության, արիության և բարության համար: Հեսուն հավատարմորեն Մովսեսի հետ բարձրացավ Սինա լեռը, 40 օր շարունակ մնաց նրա հետ, այնուհետև ստացավ տասնաբանյայի տախտակները:
Ուսումնասիրելով գիրքը՝ մենք տեսնում ենք, որ երբ 12 ցեղերի ներկայացուցիչ 12 լրտեսները գնում են Քանան՝ լրտեսելու նպատակով, և վերադառնում, նրանցից միայն Հեսուն և Քաղեբն են, որ չեն վհատվում և հավատում են, որ Աստծո ամենակարող ուժը իրենց կօգնի հաղթել Քանանի հզոր ժողովուրդներին:
Գրքում Հեսուն թողել է իր ժամանակաշրջանի ողջ պատմությունը: Պատմվում է Հեսուի կառավարման ժամանակաշրջանում Աստծուն հետևող ժողովրդի ճակատագրի մասին: Այս շրջանն, ըստ մեր թվագրության, տևել է 27, իսկ ըստ Հովսեպոս Փլավիոսի թվագրության՝ 25 տարի:
Ընդհանուր առմամբ, ամբողջ գիրքը բաժանվում է 3 հիմնական մասերի: Առաջին մասում (Ա-ԺԲ), պատմվում է, Հեսուի գլխավորությամբ, հրեաների կողմից Ավետյաց երկրի գրավման մասին: Երկրորդ մասում (ԺԳ-ԻԲ) պատմվում է Իսրայելի ցեղերի միջև երկրի բաժանման մասին: Իսկ երրորդում (ԻԳ-ԻԴ) նկարագրվում է վերջաբանը, որը պատմում է Հեսուի մոտ ծերերի ժողովման և նրա կտակի մասին:
Հեսուի ինքնամոռաց նվիրման, նրա հավատքի և վեհության մասին խոսում է նաև Պողոս առաքյալը (Եբր. Դ 8-9): Հեսուն փրկում է բոլոր հավատացյալներին իրենց թշնամիներից, խաղաղեցնում ժողովրդին, բաժանում Ավետյաց երկիրը՝ այդկերպ ապացուցելով, որ եթե կրում ես Աստծո հովանավորությունը, ապա անհնար ոչինչ քեզ համար չի կարող լինել:
Արմեն Չաքմիշյան