Ո՞ր տեսակի խաղաղությունն է ամենից կարևորը: Արդյո՞ք արտաքին սահմանների խաղաղությունը: Արդյո՞ք ամենակարևորն է, երբ արտաքին սահմաններին չի սպառնում և ոչ մի թշնամի, երբ չկան պատերազմներ, փոքր է պատերազմի սկսման հավանականությունը, չեն հայտարարվում զոհերի, վիրավորների մասին, քանի որ այդպիսիք չկան:
Կամ արդյո՞ք ընտանեկան խաղաղությունը: Արդյո՞ք ամենակարևորն է, երբ ջերմությունն ու սերն է տիրում ընտանիքում:
Արդյո՞ք այն խաղաղությունն է ամենակարևորն ու արժևորվածը, որ հաստատվել է պատերազմի միջոցով: Արդյո՞ք այդպես առավել կարժևորենք խաղաղությունն ու կպակասեցնենք խաղաղության խախտման դեպքերը:
Շարունակ խորհելով, խոսելով միայն այստեսակ «արտաքին» խաղաղությունների մասին՝ երբեմն մոռանում ենք մեկ ամենաէականնի՝ ներքին խաղաղության մասին: Անշուշտ, վերը նշված բոլորը գալիս են նպաստելու ներքին խաղաղությանը, դարձնելու մեզ առավել ներդաշնակ ինքներս մեզ և մեր Աստծո հետ: Սակայն կարող ենք հայտնվել նաև այնպիսի իրավիճակներում, երբ բոլոր տեսակի խաղաղությունները գտած և ապրած լինենք՝ չունենալով ամենաէական ներքին խաղաղությունը, կորցրած լինելով Աստծուն մեր մեջ:
Եվ խաղաղությունն էլ, ինչպես ցանկացած այլ հոգենորոգ իրադրություն, կվերգտնենք միայն մեր աղոթքների միջոցով:
Աղոթք խաղաղության
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Վիկտորյա Մարկոսյան