Մնացորդաց գիրքը հաջորդում է Թագավորացին: Այն բաժանվում է 2 հիմնական մասերի`Մնացորդաց Ա և Բ: Մնացորդացի երկու գրքերը կազմում են մեկ ամբողջություն, քանի որ գրվել են Իսրայելի նույն միջավայրում և հավանաբար նույն քահանայական դասի կողմից:
Մնացորդացը մի երկ է, որտեղ յուրահատուկ կերպով շարադրված է Աստծո ժողովրդի պատմությունը նրա ծագումից մինչև Բաբելոնյան գերությունը:
Այս պատմությունը գրվել է ոչ թե պատմագրի, այլ ավելի շատ մի աստվածաբան քարոզչի կողմից, որը հնարավորինս օգտագործել է հնագույն աղբյուրներում եղած տեղեկությունները՝ մասնավորապես Թագավորաց գրքի Գ և Դ հատվածները:
Գիրքը հակապես շեշտադրում է այն խորհուրդը, որ միայն Աստված պետք է կառավարի Իսրայելի ժողովրդին, իսկ թագավորները պետք է լինեն զուտ նրա սպասավորները:
Այս տեսանկյունից Աստծուն կատարելապես հավատարիմ բարեպաշտ թագավորի վառ օրինակ է Դավիթը, որը, գրավելով Երուսաղեմը, այն դարձրել է սուրբ քաղաք՝ կառուցելով այնտեղ հոյակերտ տաճարը: Ինչպես նաև ղեկավարել է Իսրայելի քաղաքական կյանքը և կազմակերպել կրոնական կյանքը:
Մնացորդաց գրքի առաջին հատվածը մեզ կրկին ծննդաբանական ցանկերի կերպով ամփոփ հիշեցնում է Ադամից մինչև Դավիթ թագավորի ժամանակում կատարված ամբողջ պատմությունը:
Մնացորդաց գրքի երկրորդ հատվածը բաժանված է 2 մասի: Այս հատվածը հիմնականում նվիրված է Դավթի թագավորության պատմությանը, որտեղ ներառված են բազմաթիվ դրվագներ՝ Դավթի պատանեկության ու երիտասարդության, նրա թափառական կյանքի, Սավուղի հետ բախման և այլ իրադարձությունների մասին պատմող:
Հարկ է նշել, որ Մնացորդաց գրքի վերջին 2 համարները մի տեսակ կապ են հաստատում Եզրասի և Նէեմիի գրքերի հետ, և այդկերպ հրավիրում են մեզ`շարունակելու Իսրայելի ժողովրդի պատմության ընթերցումը: Դրանցում հիշատակվում է Կյուրոս կայսեր կողմից հրապարակված հրովարտակը, որը հրեաներին թույլ է տալիս գնալ և վերակառուցել Երուսաղեմի տաճարը: Այդ նույն հրովարտակի մասին ամբողջական տեղեկությունը զետեղված է Եզրասի գրքի սկզբնական հատվածում:
Արմեն Չաքմիշյան