Եզրասի գիրքը

Եզրասի գիրքը

Եզրասի գիրքը Հին Կտակարանի գրքերից է և հաջորդում է Մնացորդացին: Գիրքը բաժանված է երկու հիմնական մասերի:

 


Առաջին մասում պատմվում է, թե ինչպես է պարսից Կյուրոս արքայից արքան արտոնություն տալիս հրեաներին, որպեսզի կարողանան գնալ իրենց երկիրը և վերակառուցել Երուսաղեմի տաճարը:
Այդպիսով՝ բավականին մեծ թվով հրեա աքսորյալներ որոշում են վերադառնալ: Երուսաղեմում նրանք ունեին բազմաթիվ մտահոգություններ, սակայն ամենաշատը անհանգստացած էին զոհասեղանի անհապաղ վերականգնմամբ և պաշտամունքի վերահաստատմամբ:
Սակայն բուն տաճարի վերակառուցման նախապատրաստությունները հարուցում են որոշ հակառակորդների ընդիմությունը: Այդ պատճառով պարսկական արքունիքի և հրեաների միջև սկսվում են բանակցական գործընթացներ, որի արդյունքում պարսկական արքունիքը հաստատում է իր արտոնությունը՝ այդկերպ սկսելով տաճարի գործնական վերակառուցման աշխատանքները:

 


Գրքի երկրորդ հատվածում անդրադարձ է կատարվում Եզրաս անունով մի քահանայի անձին, ում ուղարկել էր արքայից արքա Արտաշեսը՝ Երուսաղեմը վերակենդանացնելու և կրոնական կյանքի բարեփոխման նպատակով: Քահանան պատվով կատարարում է իր առաքելությունը՝ մարդկանց պարգևելով վերազարթոնքի բերկրանքը:

 


Եզրասի գրքի երկու հատվածները ունեն մեկ ընդհանուր գաղափար. երկու հատվածներում էլ ապացուցվում են ճշմարիտ հավատքի, սրբակենցաղ վարքի և անարատ կյանքով ապրելու կարևորությունը մարդու կյանքում:

 


Եզրասը այն բարեկարգիչ քահանան էր, ում խիզախությունն ու վճռականությունը վերականգնեց Իսրայելի ժողովրդի բարեպաշտությունը, որի շնորհիվ բառիս բուն իմաստով ձևավորվեց հրեականությունը: Հենց այնտեղ մի քանի դար անց ծնվեց Աստծո Միածին Որդին` Հիսուս Քրիստոսը:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×