Գևորգ Զորավարը համաքրիստոնեական եկեղեցու սուրբ է: Որպես Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ՝ նրա վարքը հանգամանորեն շարադրվել է սրբոց վարքերը ավանդող «Հայսմավուրք» ծիսամատյանում: Դիոկղետիանոս կայսեր օրոք զինվորագրվելով հռոմեական բանակին՝ կարճ ժամանակում դարձել է զորավար: Լինելով քրիստոնեական արժեքների կրող՝ մշտապես դեմ է եղել հեթանոսական սովորություններին և անգամ խիզախել է հրապարակավ պատռել Դիոկղետիանոսի՝ քրիստոնյաներին հալածելու մասին հրովարտակը, ինչի համար խստագույն հալածանքների է ենթարկվել և ստացել նահատակի փառապսակ:
Որպես համաքրիստոնեական եկեղեցու լիիրավ անդամ՝ Հայ Եկեղեցին ևս ձեռք է բերել սրբի մասունքներից, որոնք XIII դարում ամփոփվել են Արագածոտնի մարզի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:
Հայ Եկեղեցին սուրբ Գևորգի հիշատակը նշում է Խաչվերացին հաջորդող երկրորդ կիրակի կամ Վարագա Սուրբ Խաչին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած շրջանում: Որոշ բնակավայրերում ժողովուրդը սիրելի սրբին ուխտի էր գնում ոչ թե տոնի բուն օրը, այլ հոկտեմբերի վերջին կիրակին: Վարդավառից սկսված դաշտային թեժ աշխատանքները այդ ժամանակ հիմնականում ավարտվում էին, և մարդիկ շտապում էին իրենց բերքի վայելումը անցկացնել սրբի անվան ուխտավայրերում: Թերևս պատահական չէ, որ Գևորգ անունը նշանակում է «երկրագործ»:
Տոնին նախորդում է հնգօրյա պահք, որը պետք է հավատացյալին նախապատրաստեր սրբի բարեխոսությանն արժանանալուն: Այն հայտնի է աշնանամուտի, Վարագա Խաչի կամ Սուրբ Գևորգի պահք անվանումներով, քանի որ եղանակային շաբաթապահք է և ընկած է այդ տոներից առաջ:
Տոնն առավելապես նշվում էր սրբատեղիներում՝ ուխտագնացությանը բնորոշ բոլոր հիմնական բաղադրիչներով: Ուխտագնացությունը սկսվում էր շաբաթ առավոտից: Ոմանք գիշերվանից էին ճանապարհ ընկնում՝ արևածագը սուրբ վայրում դիմավորելու ցանկությամբ: Ուխտի նվիրական ճանապարհն անցնում էին ոտքով միայն՝ բեռները տանելով սայլերին լծած: Սրբի դուռը գնում էին նրա բարեխոսությունը հայցելու տարբեր խնդրանքներով. մեկը՝ բժշկվելու, մյուսը՝ պանդուխտների վերադարձի, հաջորդը՝ սեր գտնելու կամ զավակ ունենալու:
Օրը սպասված էր հատկապես երիտասարդների համար, քանի որ այն լավագույն առիթ էր ծանոթության համար: Պատանիները ջանում էին ձիավարության մեջ և այլ մրցություններում իրենց ուժն ու ճարպկությունը ցուցադրել, աղջիկները՝ իրենց պերճանքը, հմայքն ու շնորհքը: Համագյուղական այդ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով ու նվագով:
Օրվա խորհրդանշական ուտեստը հավով հարիսան էր կամ կալի կորկոտը, որը պատրաստվում էր ցորենի երախայրիքից: Տոնական այլ օրերի նման սուրբ Գևորգի տոնի սեղանի զարդը նաև առատության և բարեբերության խորհրդանիշ գաթան ու հալվան էին:
Տոնը մեծ շուքով էր նշվում հատկապես Գևորգ զորավարի անվան սրբատեղի ունեցող բնակավայրերում:
Սուրբ Գևորգն ընկալվել է նաև որպես վիշապասպան և դիվահալած սուրբ: Պատկերագրության մեջ, որմնաքանդակներում և կիրառական արվեստի նմուշներում նա պատկերված է ձիու վրա նստած՝ վիշապ սպանելիս, ինչը խորհրդանշում է աշխարհի չար ուժը: Սովորաբար այդպես են պատկերվում քրիստոնեության համար նահատակված և սրբացված զորավարները:
Սուրբ Գևորգի պատկերը դրոշմվել է մյուռոնամանների վրա: Մյուռոնը հայ ժողովրդի ամենանվիրական սրբություններից է, և նրան մեռոնամանների վրա պատկերելը խոսուն վկայությունն է այն բանի, թե որքան սիրելի սուրբ է: Այդ են փաստում նաև ավանդազրույցները:
Դրանցից մեկի համաձայն՝ մանուկ Անդրանիկ Օզանյանի մկրտության ժամանակ դրսում ձիու պայտի ձայն է լսվում: Հանկարծ ներս է մտնում մի մարդ, մանկանը վերցնում քահանայի ձեռքից, ընկղմում սուրբ ջրի մեջ, ապա վերադարձնում քահանային, իսկ ինքն անհետանում է: Ապշահար ներկաները նորածնի մեջքին խաչ են տեսնում և հասկանում, որ դա սուրբ Գևորգն է դրոշմել՝ կարծես դրանով մանկանն իր հովանու տակ առնելով: Պատմում են, որ հետագայում, երբ Անդրանիկ զորավարը կռվի էր գնում, թշնամու հարվածները նրան չէին վնասում, քանի որ սրբի զորավոր խաչը նրան պահպանում էր:
Հավատացյալները սուրբ Գևորգի անվան սրբավայրեր ուխտի են գնում ոչ միայն նրա տոնին, այլ նաև մյուս տոնական և ոչ տոնական օրերին: Նրա անվամբ են օծված Նորագավթի (XVII դ.), Արարատի մարզի Մարմարաշեն (2001 թ.) և Կանաչուտ (1908 թ.) գյուղերի, Մուղնու (XIII դ.) և այլ բնակավայրերի եկեղեցիներ: Սրբի հիշատակման օրը սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:
Պատրաստեց
Հասմիկ Աբրահամյանը
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ