«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5:44):
Այս միտքն առաջին հայացքից կարող է անարդարացի թվալ ընթերցողին, քանի որ հաճախ ներումը կարող է մեկնաբանվել որպես թուլակամություն, մինչդեռ վրեժխնդիր լինելը՝ զորեղություն: Սակայն խորհենք նաև այն հարցի շուրջ, թե ինչ ենք մենք ձեռք բերում, երբ պատասխանում ենք զրպարտողին՝ զրպարտությամբ, ատողին՝ ատելությամբ: Անշուշտ, չարին չարությամբ պատասխանելով՝ ինքներս ենք դառնում ևս մեկ չարագործության հեղինակ: Դրանից չարությունն էլ ավելի է բազմապատկվում:
Քրիստոս ինքն օրինակ է մեզ համար՝ ոչ միայն անսահման սիրո, այլև ներոամտության: Նա ներեց ոչ միայն նրանց, ովքեր զղջացին իրենց արարքի համար և ներում խնդրեցին, այլ նաև նրանց, ովքեր Իրեն խաչեցին. նրանք չէին զղջացել իրենց արարքի համար: Քրիստոս աղոթեց և ներում հայցեց նրանց համար, քանի որ չգիտեին, թե ինչ են անում:
Կարող է հարց առաջանալ՝ ինչու ներել, եթե կան մարդիկ, ովքեր որոշ արարքներ աններելի են համարում, չեն ներում այլոց: Այս հարցում ևս քրիստոնեական սերն է, որ հաշտեցնելու է գալիս ինքներս մեզ և աշխարհի հետ, տալիս մեր հարցերի պատասխանները:
Եվ չնայած՝ համացանցային որոնողական համակարգերում օրական բազում հարցումներ են լինում «ինչպե՞ս ներել» բովանդակությամբ, հարկ է փաստել և հիշեցնել, որ ներել ոչ թե սովորում են, այլ ցանկանում: Ի վերջո, ներողամիտ լինելն էլ մեկն է մեր կատարելիք ընտրություններից, սակայն միաժամանակ խոսում է նաև մեր ուժեղ կամքի մասին և տանում է դեպի աստվածային լույսը:
Վիկտորյա Մարկոսյան