72 աշակերտների հիշատակության օր

72 աշակերտների հիշատակության օր

Բացի 12 առաքյալներից՝ Հիսուս ուներ նաև 72 աշակերտ: Նրանց ընտրելով՝ զույգ-զույգ ուղարկեց Հրեաստանի զանազան կողմերը քարոզելու: Եվ թեև Հիսուսի բոլոր հետևորդները, այդ թվում և սկզբում ընտրված 12 առաքյալները, համարվում են նրա աշակերտները ու Աստվածաշնչում հիշատակվում են այդ անվամբ, հարկ է ընտրյալ 72-ի դեպքում հասկանալ, որ նրանց տրվել է այդ անվանումը՝ որպես կոչում:

 

 

Ըստ էության, 72 աշակերտները նույնպես եղան առաքյալներ՝ տարածելով Բարի Լուրը:

 


Քարոզչությունից վերադառնալով՝աշակերտները Հիսուսին ասացին. «Տե՛ր, չար ոգիներն իսկ հնազանդվում են մեզ, երբ հրամայում ենք Քո անունով»: Իսկ Նա պատասխանեց, որ նրա համար չէ, որ պետք էր ուրախանային. «Այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10:20):

 


Ցավոք, 72 աշակերտներից բոլորի անունները չէ, որ հիշատակված են Աստվածաշնչում: Սակայն մեծ և անգնահատելի է նրանց կատարած գործը՝ անգամ անունների հիշատակման բացակայությամբ:

 


Այսօր էլ պետք է հասկանանք, որ մեզ տրված է շարունակել Քրիստոսին աշակերտելու առաքելությունը: Պետք է իմանանք, որ յուրաքանչյուր քրիստոնյա էլ մեկն է Քրիստոսի աշակերտներից ու ունի նույն հանձնարարությունը, ինչ նրանք: Որ գուցե ոչ խոսքով,այլ գործով կարող ենք քարոզել ու տարածել բարին:

 


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչի տոնին հաջորդող շաբաթ օրը:

  • 2021-07-08
×