Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում (Եբրայեցիներին 11.1): Հավատքը բոլոր գործերի շարժիչ ուժն է: Այն Աստծո պարգևն է մեզ: Առհասարակ ամեն բարի բան Աստծո պարգև է:
Աստծուն շատերս ենք հավատում, բայց հաճախ պատահում է այնպես, որ թերանում ենք հոգևոր կյանքում: Ավելին, կան նաև մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հավատք չունեն և մերժում են Աստծո գոյությունը: Եթե մարդն անհավատ է, ու չի տեսնում Աստծուն, չի նշանակում, որ Աստված գոյություն չունի:
Գոյություն ունի հավատքի երկու ընկալում՝ ձևական և հոգևոր: Շատ հաճախ մարդիկ փորձում են խստորեն պահել եկեղեցական և քրիստոնեական բոլոր կանոնները, բայց երբեմն տեսնում ենք, որ այն զուտ ձևապաշտություն է և ոչ մի կապ չունի իրական հավատաքի հետ: Երբ խոսում ենք իրական և կենդանի հավատքի մասին, ապա պետք է ասենք, որ այս դեպում մարդը իրական ներողամտություն, ողորմածություն և գթասրտություն է ցուցաբերում դիմացինի հանդեպ, որովհետև այդ ամենը, Քիրստոս Ինքն է սովորեցրել իր երկրային կյանքի ընթացքում:
Պողոս Առաքյալը, մեջբերելով Հին Կտակարանի մի մարգարեի, բացատրել է, թե ինչ է նշանակում լինել հավատացյալ. «Արդարը հավատքով է ապրելու» (Հռովմայեցիս 1․17)։ Որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է նշանակում հավատքով ապրել, մենք պիտք է հասկանանք, թե ինչ է հավատքը։
Աստված ուզում է, որ մենք հավատք ունենանք, որպեսզի նա կարողանա օրհնել մեզ։ Այն միակ բանալին է, որը բացում է Աստծո ողորմությունը:
Հավատքն ավելին է, քան համոզմունքը: Այն կատարյալ վստահությունն է առ Աստված, որն ուղեկցվում է գործով։ Հավատալու կարողությունը, որ բնորոշ է բոլոր մարդկանց, Աստծո կողմից մարդկությանը տրված պարգև է, որի միջոցով մարդը կարող է ճանաչել Աստծուն և հաղորդության մեջ մտնել Նրա հետ:
Հիշեք, որ ձեր հավատքը կարող է լցնել աշխարհը բարությամբ և խաղաղությամբ։
Մարիետտա Խաչատրյան