Գիրք Ծննդոց

Գիրք Ծննդոց

Ծննդոց գիրքը Աստվածաշնչի առաջին գիրքն է: Ծննդոց գրքի միջոցով Աստված աստիճանաբար բացահայտում է իրեն, ինչը հետագայում իր լրումը պիտի գտներ Քրիստոսի մարդեղությամբ:

Ծննդոց գիրքը պատմում է աշխարհի և մարդկության առաջացման, Ադամի և Եվայի անկման և դրախտից արտաքսման, նրանց սերունդների, մահվան գաղափարի և տառապանքի առաջացման, ջրհեղեղի, Բաբելոնյան աշտարակաշինության, ազգերի ստեղծման և կազմավորման ու նրանց՝ աշխարհով մեկ սփռվելու, ընտրյալ ազգի, նրա նահապետների` Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Հովսեփի մասին:

Առհասարակ Ծննդոց գրքում հատուկ կարևորվում է Աստծո կողմից մարդկությունն ու աշխարհը օրհնելու և փրկագործելու խորհուրդը: Այստեղ հիմնականում ներառված են աստվածաբանական, պատմական իրադարձություններ, հանդիպում են տարատեսակ գրական ժանրեր: Հետաքրքրական է, որ Աստվածաշունչը չի նշում այս գրքի հեղինակին, համարվում է, որ գրքի հեղինակը Մովսես մարգարեն է:

Ծննդոց գիրքը սկսվում է արարչագործության պատմությամբ, նկարագրվում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, ադամական մեղքը, դրախտից արտաքսումը: Հետագայում նաև անդրադարձ է կատարվում Բաբելոնյան քաղաքակրթության անկմանը, ազգերի կազմավորմանը, Աբրահամին ու նրա սերունդներին:

Գրքում տրված են հետևյալ հիմնական հարցերի պատասխանները.
Ա. Ինչպ՞ս ամեն ինչ սկսվեց:
Բ. Ինչպե՞ս սկզբնավորվեց մեղքը:
Գ. Ո՞րն էր Աստծո կամքը:

Առաջին հատվածը հատկապես ընդգծում է միաստվածության գաղափարը:
Երկրորդ հատվածում ներկայացված է Աբելի սպանության դրվագը, թե ինչպես թափվեց առաջին մարդկային արյունը, այնուհետև Ղամեքի վրեժխնդրությունը, Նոյի արբեցողությունը, մարդու ամբարշտությունը, ինչպես նաև Բաբելոնի կործանումը:
Երրորդ հատվածում պատմվում է այն մասին, որ Մեսիան գալու է, Աստված կանչում է Մեկին, որպեսզի կանչի բոլորին: Աստված կամենում է աշխատել ընկած մարդու հետ Իր շնորհի միջոցով: Ինչպես նաև խոսվում է զոհաբերության, երկրպագության, խոստումների և ուխտերի մասին:

Ծննդոց գիրքը յուրաքանչյուր քրիստոնյայի փրկագործության պատմությունն է, այդ պատմության սկիզբն ու ընթացքը: Այս գիրքը մեզ հնարավրություն է տալիս տեսնելու, թե ինպես ենք ստեղծվել և որն է մեր առաքելությունը:


Արմեն Չաքմիշյան

  • 2021-08-09
×