Նրանք եկան, որ տարածեին Տիրոջ խոսքը

Նրանք եկան, որ տարածեին Տիրոջ խոսքը

Մարգարեներին բացառիկ դեր էր վերապահված Հին կտակարանում: Նրանք կոչված էին հրապարակելու Աստծո հրահանգները, կարգադրություններն ու վճիռները: Մարգարեները Աստծո հետ հաղորդակցվել են հայտնությամբ՝ տեսիլքի, երազի, գերբնական հափշտակության շնորհիվ:
 

Երեմիան Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից երկրորդն է համարվում: Նրան անվանում էին նաև «Ողբացող մարգարե»:
 

 Քչերն են այնքան տառապել, որքան Երեմիան, թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես: Քչերն են, որ այնքան անժողովրդական և իրենց սրտին հակառակ պատգամներ են ստիպված եղել տալ, որքան Երեմիան:
 

 Երիտասարդ տարիքից՝ հրաժարվելով ընտանիք կազմելու պարտականությունից և կյանքի բոլոր հաճույքներից, սրտանց և ամուր կերպով կապվեց իր մարգարեական կոչմանը: Դեռևս պատանեկան տարիքում էր, երբ Տերը կանչեց նրան՝ ասելով. «Դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի» (Երեմ. 1.5):
 

Երեմիան ամբողջ կյանքում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես շատ տառապանքներ է կրում: Տեսնելով դեպի կործանում գահավիժող իր ժողովրդին՝ նա հաճախ էր լաց լինում և ողբում: Սակայն  Աս­տվա­ծ այս­պես է ասում. «Նրանց հա­մար լաց մի՛ եղիր, նրանց հա­մար ողբ ու կո­ծի մի՛ գնա և ոչ էլ սուգ պա­հիր նրանց վրա, քանզի իմ խա­ղա­ղու­թյունը, ողոր­մու­թյու­նն ու գթու­թյու­նը հետ եմ վեր­ց­րել այդ ժո­ղո­վր­դից» (Երեմ. 16:5-6):
 

 Երեմիա մարգարեն գրեթե քառասունհինգ տարի Աստծո խոսքը տարածեց ամենուրեք՝ Երուսաղեմի տաճարում, թագավորի պալատում, հրապարակներում: Նա ամեն կերպ փորձում էր կանխել այն պատուհասը, որ սպառնում էր բարոյազրկված Երուսաղեմին և մեղքերի մեջ թաթախված իր ժողովրդին: Երեմիան մարգարեացավ Երուսաղեմի և տաճարի կործանումը՝ որպես հետևանք իր ժամանակի կռապաշտության և ընկերային անարդարությունների։ Փոխարենը՝ հալածվեց թագավորի և ժողովրդի կողմից և իր համարձակ խոսքի համար բանտարկվեց տիղմով լի մի ջրհորի մեջ։

  • 2021-08-09
×