Սուրբ Թովմաս առաքյալ

Սուրբ Թովմաս առաքյալ

Թովմաս առաքյալը Ընդհանրական եկեղեցու սուրբ է: Երբ իր մյուս առաքյալ ընկերներն ասացին, որ տեսել են հարություն առած Տիրոջը, Թովմասը պնդեց, որ մինչև իր աչքերով չտեսնի Նրան և իր ձեռքը չմտցնի Նրա խոցված կողի մեջ, չի հավատա: 

 
Այս խոքերը խորը հետք է թողել Թովմասի կերպարի վրա՝ պիտակելով նրան որպես «թերահավատ», սակայն արդարացիության համար անհրաժեշտ է արձանագրել, որ մյուս հատվածներում առաքյալը ներկայանում է որպես առավել քաջ ու նախանձախնդիր և պրպտող անհատականություն, իսկ կասկածամտության մասին խոսքերը այլևս ավելորդ են դառնում նրա՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» բացականչությամբ։
Առավել մանրամասն տեղեկություններ Թովմաս առաքյալի մասին փոխանցում է Հովհաննես ավետարանիչը։ Այսպես` Ղազարոսի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս աշակերտներին ասաց. «Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»: Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում»:
 
 
Չնայած որոշ աշակերտների թախանձանքին և բացատրություններին` Թովմասը աշակերտներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16)։
 
 
Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսին հարցերով ընդհատողներից մեկն էլ նա էր: Երբ Հիսուսը ասում է. «Թե ուր եմ գնում գիտեք և ճանապարհն էլ գիտեք», այս չի բավարարում Թովմասին, որը ասում է.
 
 
- Տե՛ր, չգիտենք, թե ուր Ես գնում, ինչպե՞ս պիտի իմանանք ճանապարհը:
Հիսուսը, որպես այս հարցի պատասխան, Իր նշանավոր խոսքերից մեկն ասաց.
 
 
- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և Կյանքը… (Հովհ. 14:4-6):
 
 
Հովհաննու Ավետարանում Թովմաս առաքյալը հաճախ անվանվում է նաև «Երկվորյակ» ( Հովհ. 11:16, 20:24, 21:2)։ Այս անվանման հետ կապված Ավանդություն ասում է, թե Թովմասը եղբայրն է եղել Թադեոս առաքյալի կամ մեկ այլ առաքյալի։ Կարծիք կա նաև, որ առաքյալը արտաքնապես շատ նման է եղել Քրիստոսին, ինչի համար էլ անվանվել է «Երկվորյակ»:
  • 2021-08-09
×