Միակը, ով միշտ հավատարիմ է

Միակը, ով միշտ հավատարիմ է

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ կորցնում ենք վստահությունն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ:

Հաճախ վստահելով՝ մարդը ռիսկի է ենթարկվում: Բացահայտելով մեր գաղտնիքները՝ դառնում ենք ավելի խոցելի դիմացինի համար: Գուցե ավելի լավ է ընդհանրապես չվստահե՞լ ոչ ոքի և ոչինչ չասել: Այդ ժամանակ մենք վստահ կլինենք, որ դիմացինին չենք տվել հնարավորություն՝ ցանկացած պահի մեզ խոցելու և ցավեցնելու:

Ի՞նչ պատճառով է առաջանում անվստահություն դիմացինի հանդեպ: Բացասական և անհասկանալի դեպքերը և արարքները կարող են պատճառ դառնալ ինչ-որ մեկի հանդեպ վստահությունը կորցնել: Ցավոք, դա լինում է անկախ մեր կամքից ու մեր ցանկություններից: Երբեմն նման իրավիճակում մարդու բանականությունը լքում է իրեն ու ստիպված ենք լինում առաջ շարժվել մեր ենթադրություններով:

Ես դեռ շարունակում եմ մնալ իմ կարծիքին ու ասել, որ մարդու համար միակն ու հավատարիմը մեր Արարիչն է, ով երբեք մեզ չի դավաճանում ու չի վատաբանում: Աստված խնամում է բոլոր մարդկանց, ուղղորդում նրանց դեպի բարին, յուրաքանչյուրին տալիս է Իր հոգատարությունն ու ջերմությունը:

Մարդիկ հեշտ են կորցնում մեկի հանդեպ վստահությունը նրա բացասական արարքների դեպքում: Սակայն, Աստված-մարդ հարաբերության մեջ, եթե նույնիսկ մարդիկ անհավատարիմ են գտնվում և կորցնում իրենց վստահությունը, ապա Աստված, ի տարբերություն մարդկանց, միշտ հավատարիմ է մնում:

Երբ մարդը մեղք է գործում, որոնցից է նաև ուրիշի վստահությունը չարաշահելը, մենք չպետք է ատենք մարդուն և երես թեքենք նրանից, որովհետև քրիստոնյան ի սկզբանե կոչված է ատել մեղքը, բայց երբեք՝ մեղավորին:

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×