-Բալես, մի օր անտարբերությունն ա սպանելու աշխարհը: Ամբողջ կյանքս չհասկացա ու չընդունեցի անտարբեր մարդկանց: Ապրես, որ ուշադիր ես, ցանկացար իմանալ՝ ինչպես է օրս անցնում:
Այսպես արձագանքեց, երբ ես մոտեցա Աբովյան փողոցում ծաղիկ վաճառող Ռազմիկ պապիկին, ով սոցիալական ցանցից շատ կարճ ժամանակամիջոցում հայտնի դարձավ բոլորիս: Իմ այն հարցին, արդյո՞ք լավ առևտուր կարողանում է անել, Ռազմիկ պապիկը պատասխանեց. «Իմ մասին գրեցին ու առևտուրս շատացավ: Մարդկանց ինքնագնահատականի պես՝ իմ ծաղիկների գները դրանից չբարձրացան: Զարմանում եմ, որ տեսնում եմ մարդիկ անհաղորդ ու անտարբեր են իրենց շուրջը գտնվող մարդկանց, երևույթների նկատմամբ: Ախր, ամեն ինչի մեջ էնքան սիրուն բաներ կարող ես տեսնել: Համոզված եմ՝ անտարբեր մարդիկ ծաղիկներ չեն գնում ու նվիրում: Ծաղիկը մարդու հոգու պես բան ա. նուրբ, որ պիտի նախ շահես, հետո խնամես, որ ծաղկի»,-ասաց Ռազմիկ պապին ու շարունակեց. «Իմ ծաղիկները ես վաճառում եմ 300-1000 դրամ: Երբեք գին չեմ բարձրացնի, ինձ 100-200 դրամը բան չի փոխի, փոխարենը թող շատ մարդ գնի:
Ես շնորհակալ եմ Աստծուն, որ լավ մարդկանց եմ հանդիպում, երկու բառ փոխանակում, օրվա գումարս վաստակում ու տուն վերադառնում, որտեղ ինձ միշտ սպասող կա: Մարդ պիտի գնահատի այն ամենն, ինչ ունի: Շնորհակալ լինի Աստծուն ամեն բացվող օրվա համար: Շուրջդ նայիր, աղջիկս ու կհասկանաս, որ անտարբեր մարդկանց Աստված ավելի շատ է օգնության ձեռք մեկնում, որովհետև նրանք իսկապես դրա կարիքն ավելի ունեն, քան մենք, որ օրվա ապրուստով ենք ապրում: Անտարբերությունը հիվանդություն է, որ ոմանց վարակում է ու անվերադարձ տանում, իսկ նրանց, ում կարողանում է փրկել Աստված, պիտի ներենք, օգնենք, հենց այս ամենի վրա է կառուցված մեր կյանքը»:
Լիլիանա Օսիպյան