Օգոստոսի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Երանելու հիշատակի օրը: Ս. Հովհաննես Մկրտիչը եկավ Քրիստոսի մասին վկայելու: Հաշվի առնելով Քրիստոսի նախակարապետը լինելու հանգամանքը` նրան անվանել են նաև Ս. Հովհաննես Կարապետ, որը նշանակում է առջևից գնացող:
Ս. Հովհաննեսի գործունեության կիզակետը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելն էր: Երբ տեսավ, որ Հիսուսը, նույնպես, բոլորի նման բազմությանը խառնված գալիս էր մկրտության, իր մարգարեական հոգով ճանաչեց Նրան և ցանկացավ արգելել ասելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մտթ. 3:14):
Ս. Հովհաննեսի ու Հիսուսի միջև հաստատվում են շատ սերտ հարաբերություններ։ Երկուսն էլ քարոզում են ապաշխարության անհրաժեշտությունը և Աստծո Արքայության գալուստը:
Ս. Հովհաննես Մկրտիչը Հին Կտակարանի վերջավորությանը և Նոր Կտակարանի սկզբնավորությանը ներկայանում է որպես եզակի ու արտասովոր կերպար, մոտակա դատաստանի հստակ գիտակցությամբ, բայց միևնույն ժամանակ չդադարեց քարոզել մարդկության բարոյական դարձը:
Հոբը դարձել է համբերության և տոկունության խորհրդանիշ։ Չնայած Սատանան ամեն բան արել է պատմության էջերից ջնջելու անարատության այս օրինակին, բայց բարեբախտաբար դա նրան չի հաջողվել։ Սատանայի դրդմամբ ու Աստծո թույլտվությամբ Հոբին հասնում են մեծագույն չարիքներ։ Հոբն այդ բազում զրկանքների մեջ մեծ խոնարհությամբ ու հեզությամբ ասում է. «Մերկ եկա ես իմ մոր որովայնից և մերկանդամ կվերադառնամ նույն տեղը: Տերը տվեց, Տերն էլ առավ, թող Տիրոջ անունն օրհնյալ լինի» (Հոբ 1:21-22):
Աստվածասեր և խոնարհ այս անձնավորությունը, կորցնելով իր ունեցած ամեն ինչ, հավատարիմ է մնում Աստծուն: Հոբի նպատակը ոչ թե սեփական անձն արդարացնելն էր, այլ Աստծուն տեսնելը: Ի վերջո Աստված, տեսնելով Հոբի տառապանքն ու համբերությունը, նրան օրհնում է, ազատում հիվանդությունից և առավել մեծ պարգևների արժանացնում։
Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևոր է Հոբի օրինակը, հատկապես երբ մեր կյանքում հաճախ ենք հանդիպում փորձությունների և դժվարությունների: Այն խոսուն խրատ է բոլորի համար՝ մանավանդ նրանց, ովքեր ենթարկվում են մեծ փորձությունների: Նրա օրինակը շարունակ օգնում է բոլոր խոհեմ հավատացյալներին երբեք չհուսահատվել ու չկորցնել հավատը Աստծո ողորմածության հանդեպ: