Դատաստանի կարևորությունը մեր կյանքում

Դատաստանի կարևորությունը մեր կյանքում

Դատաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր մեղանչումների և զանցանքների դիմաց արդար հատուցում: Հաճախ մեր ինքնաքննության և ինքնամփոփման պահերին ինքներս մեզ հարց ենք տալիս. «Որտեղի՞ց է դատաստանի ընկալումը մեր գիտակցության մեջ, և ո՞րն է դրա կարևորությունը մեր առօրյա կյանքում»:

 

Դեռևս անմեղության դրախտում դատաստան հասկացությունը բացակայում էր մեր նախածնողների մոտ, քանզի չկար մեղքի գիտակցությունը: Նախաստեղծների անհնազանդության մեղքով է, որ դատաստանի ընկալումը արմատապես դրոշմվեց մեր էությանը, որը մենք կոչում ենք խիղճ: Խիղճը դատավոր է, որ, նստած մեր սրտի գահին, անընդհատ խարազանում է մեզ մեղանչումների դեպքում: Մարդ էակը, իր էությունից դրդված, ջանում է ամեն կերպ լռեցնել այս արդար դատավորի ձայնը: Բթացած խղճի առկայության դեպքում մարդու փրկությունը դրված է խիստ անհավանական հիմքերի վրա: Հետևաբար միայն Քրիստոսի Արյան ցողմամբ է, որ մեղավոր սիրտը, ի գլուխ ունենալով իր իշխան ու դատավոր եղծված խիղճը, մաքրվում է և վերածնվում:

 

Այսպիսով, մարդու առաջ փրկության դուռ է բացվում, որով և մարդ արարածը, համաձայն ավետարանական վկայության, այլևս դատապարտության տակ չի ընկնում, քանի որ գրված է. «Դատապարտություն չկա բոլոր նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են» (Հռոմեացիներ Ը 1): Խիստ կարևոր է դատաստանի առկայությունը մեր կյանքում, առանց որի անհնար է պատկերացնել մեր ներդաշնակ կյանքի հարատևումը: «Եթե մեղք գործեցիր, ուրեմն պիտի պատժվես», - սովորեցնում է Աստվածաշունչը, սակայն կա նաև դրա մյուս կողմը. «Հավատա՛ Տեր Հիսուսին և պիտի փրկվես, և քո մեղքերը իսպառ կջնջվեն Նրա թափած արյան միջոցով»: Եթե չլիներ դատաստանի անհրաժեշտությունը, Աստված Իր Միածին Որդուն աշխարհ չէր ուղարկի՝ զոհվելու, դատապարտվելու մեր մեղքերի համար: Ուրեմն, Քրիստոսի դատապարտումը օրինակ դարձավ մեզ համար, որպեսզի մենք ևս ինքնադատապարտման և ինքնախարազանման միջոցով կարողանանք մեր այս երկրային կյանքը ապրել՝ համաձայն տիրավանդ պատվիրանների, որով և արժանի կլինենք Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ ականջալուր լինելու նրա երանավետ խոսքերին, որ ասում է. «Եկե՛ք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Աստծո արքայությունը» (Մատթեոս ԻԵ 34):

 

Ավետարանը դեմ է միմյանց դատապարտելուն. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափեք, դրանով պիտի չափվի ձեր համար» (Մատթեոս Է 1-2):

 

Մենք՝ որպես բարոյական արժանիքներով օժտված արարածներ, մեզ ոչ մի իրավունք չենք վերապահում՝ դատելու մեր նմաններին: Քանզի մենք, որ նույնն ենք գործում, ինչպե՞ս կարող ենք դատել նրանց. չէ՞ որ մեր ներքին արդար դատավորը անմիջապես կծառանա մեր այս արարքի դեմ: Այլ, ընդհակառակը, պետք է ներենք և սիրենք միմյանց համերաշխ ու աստվածահաճո ապրելու համար: Այստեղ տեղին է նշել Հիսուսի հետևյալ խոսքը. «Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես եղբորդ աչքի շյուղը հանելու համար» (Ղուկաս Զ 42): Ուրիշներին չդատելու, սեփական անձը դատապարտելու դեպքում է միայն հնարավոր հասնել հոգեկան բարձր թռիչքների, կատարելության բարձրագույն չափանիշների և կատարյալ աստվածճանաչողության:

 

Գայանե Գալստյան

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×