«Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»: Եվ ես ասացի. «Ահավասի՛կ ես, ի՛նձ ուղարկիր»: (Ես. 6:8)
Եսայի՝ եբրայերենից՝ Եշայահու, թարգմանաբար նշանակում է «փրկություն Աստծուց»: Եսայի մարգարեն ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա՝ «Տիրոջ Հոգին ինձ վրա է. դրա համար իսկ ինձ օծեց, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19):
Ճկուն միտք ունենալու շնորհիվ նա Երուսաղեմի չորս թագավորների խորհրդականն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր կտակարանները կապող օղակն է: Ս. Եսայի կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար:
Աստծո կամքով Եսային մարգարեացավ, որ մարդկության Փրկիչը ծնվելու է Կույսից, ինչպես նաև կանխահայտնեց Տիրոջ չարչարանքները: Որոշ իրադարձություններ նա մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց: Այդ պատճառով նրան հաճախ կոչում են հինկտակարանյան ավետարանիչ: Մարգարեությունները տարբերվում են սովորական գուշակություններից: Աստվածաշնչյան մարգարեների կանխատեսումներն իրենց ժամանակների մասին կատարվել են նրանց կյանքի օրոք, իսկ այն մարգարեությունները, որոնք վերաբերում են Քրիստոսի ծննդյանը, փրկագործությանը, նույնպես ճշգրտությամբ կատարվել են այդ մարգարեների ապրած ժամանակաշրջանից դարեր հետո:
Իր մարգարեական ծառայության 60 տարիների ընթացքում Եսային շարունակ ենթարկվում էր հալածանքների, և միայն բարեպաշտ Եզեկիա թագավորի օրոք էր, որ նա պատիվ էր վայելում և նույնիսկ արքայի մերձավոր խորհրդականն էր:
Նրա կյանքն ավարտվեց նահատակությամբ: Հնագույն ավանդության համաձայն՝ Մանասե թագավորը, չհանդուրժելով մարգարեի հանդիմանությունները, հրամայեց նրան մահապատժի ենթարկել սղոցելով: Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան: Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրինությունների համար դատապարտվեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին