Աստծո խոսքը տարածողներն ու քրիստոնեության վրա լույս սփռողները

Աստծո խոսքը տարածողներն ու քրիստոնեության վրա լույս սփռողները

Սբ. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սուրբերից են, քանի որ նրանց անվան հետ է մեծապես կապված հայոց լուսավորության պատմությունը:

 

Ս. Թադեոս առաքյալ
 
 Հայաստանում ավետարանի քարոզչությունը առաջին անգամ մուտք գործեց ս. Թադեոս առաքյալի միջոցով: Սուրբ Գրքում նա հիշատակված է Ղեբեոս և Հուդա անուններով: Հիսուսի համբարձումից հետո ս. Թադեոսը եկավ Եդեսիա և ծանր ախտից բժշկեց Աբգար թագավորին: Նա մեր երկիր բերեց այն սուրբ գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցել են խաչված Քրիստոսի կողը: Եդեսիա քաղաքում ս. Թադեոսը աթոռ հիմնեց և եպիսկոպոս ձեռնադրեց Ադդե անունով մի մարդու: Այնուհետև Աբգարի նամակով նա եկավ Արտազ գավառ՝ հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Այդտեղ քարոզելուց և արքային ու նրա դստերը՝ Սանդուխտին դարձի բերելուց հետո առաքյալը շարունակեց իր ճանապարհը դեպի արևելք: Եղավ Աղվանքում, ապա վերադարձավ Սանատրուկի նստավայրը՝ բազում աշակերտներ թողնելով իր ետևից: Աբգարի մահից հետո, սակայն, Սանատրուկը ուրացավ իր հավատը և ծանր հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Նախ նահատակվեց նրա դուստր Սանդուխտը, ապա նաև՝ ս. Թադեոս առաքյալը՝ 46 թ.:  
 
Ս. Սանդուխտ
 
 Հայոց Սանատրուկ արքայի դուստրը՝ Սանդուխտը, աշակերտելով ս. Թադեոս առաքյալին, ընդունեց քրիստոնեությունը և հորից գաղտնի մկրտվեց: Նոր կրոնը սովորեցնում էր թե՝ «Աստված սեր է», իսկ ճշմարիտ սերը աներկյուղ է: Սանդուխտը, ի բնե բարի այդ զգացումներով կույսը, այս բոլորը սովորել էր Թադեոսից՝ իր հոգևոր հորից: Նա էր, որ նոր ու գեղեցիկ կյանքի վերածնեց իր մոլորած հոգին: Անմարդկային չարչարանքներն անգամ իզորու չեղան սպանել նրա հոգին. նա իր որոշման մեջ մնաց անսասան: Նա անտրտունջ տանում է այդ տանջանքները:
 
Կար սակայն մի բան, որ խոր ցավ էր պատճառում այս առաքինի և զգայուն աղջկան: Նա տեսնում էր իր հոր մոլորված համառությունն ու չարությունը, քանի որ չէր ուզում ճանաչել բարի Աստծուն: Ինչպես նաև բարբարոսորեն չարչարում ու նահատակում էր բոլոր նրանց, որոնք գալիս էին դեպի քրիստոնեական լույսը:
 
 Այդ իմանալով՝ զայրացած թագավորն ամեն միջոց գործադրեց, որ դուստրն ուրանա իր հավատը, բայց ի վերջո տեսնելով, որ նա անդրդվելի է, հրամայեց սպանել նրան: Ս. Սանդուխտը դարձավ առաջին հայ մարտիրոսուհին: Ս. Սանդուխտ կույսը և նրա նման շատ այլ նահատակներ ևս եղան Աստծո խոսքը տարածողներն ու Քրիստոսի առաքյալները երկրի վրա: Նրա գերեզմանը դարեր շարունակ հայ քրիստոնյաների ուխտավայր է եղել, որտեղ կառուցված Ս. Սանդուխտ եկեղեցու շուրջ հետագայում հիմնադրվել է հռչակավոր Նարեկավանքը:
  • 2021-08-09
×