Հայաստանը անծով երկիր է, ու ծովին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել: Այդ ճանապարհը կարճելու տարբեր եղանակներ կան. մեկն ընթերցում է, մյուսը՝ երաժշտություն լսում, երրորդը՝ զրուցում ընկերոջ հետ, մեկ ուրիշն էլ արդեն քնել է: Ես նստել եմ լուսամուտի մոտ, նայում եմ աշխարհին ու սիրտս թրթռում է. կիլոմետրերով ձգվող անմարդ տարածքները մաքրության ու խաղաղության մասին են երգում: Ծառերը բանաստեղծում են արևամուտի հետ, հետո երկնքի մի անկյունից երևում է լուսինը, ու այդ ամբողջ ներդաշնակության մեջ լսում եմ շշուկը հրեշտակների: Փակում եմ աչքերս, քնով եմ անցնում ու երբ արթնանում եմ, պարզվում է՝ հասել ենք ծով: Երկինքը պատմում է Աստծո փառքը՝ ասված է Սուրբ Գրքում: Ծովը՝ նույնպես: Սուզվում եմ կապույտ գաղտնիքի մեջ: Անեզրություն: Լողալով հեռանում եմ ափից ու ափի մարդկանց աղմուկից, հայտնվում եմ հեռվում: Լռություն է, կապույտ ու արև: Ինձնից քիչ հեռու լողում է մայրս՝ նույնպես լուռ, ծովամփոփ: Բայց հանկարծ ինձ հարցնում է, թե ինչի մասին եմ մտածում: Պատասխանս՝ չեմ մտածում, Աստծուն եմ լսում…
Այնտեղ, որտեղ լռություն ու խորություն կա, հնչում է Խոսքն Աստծո, որով ապրում է մարդը, որով պե՛տք է ապրի մարդը: Փնտրո՞ւմ ենք մենք արդյոք Խոսքն այդ՝ արարչական, թևավորող, ամոքիչ, սիրաշունչ, զորեղ, որ ապրենք, որ ապրելու նյութ ունենանք, որ մեր կյանքը չլինի գոյություն քարշ տալ, չլինի օրորոցից գերեզման ընկած ամենաշատը 80-90 տարի... Ու թե փնտրում ենք Խոսքը, որով կապրենք, իսկապես կապրենք, որտե՞ղ ենք փնտրում…
Երբ Քրիստոս ասաց, որ մարդը միայն հացով չէ, որ կապրի, Նա սահմանեց մարդու անսահմանությունը, բազմաշերտությունը, վերկերկրային զորեղությունը, Աստծուն կից լինելը: Մի նախադասությամբ ցույց տրվեց, որ մարդուն կոտրելը հեշտ չէ, քանի դեռ ականջալուր է Խոսքին: Արդյոք ունե՞նք ականջ՝ լսելու, թե՞ անվերջ նյութականացած ենք, փակված հազարավոր թակարդների մեջ, հեռացած էականից, կյանք տվողից, ապրեցնողից: Սա է էական հարցը:
Ժամանակակից աշխարհն իր աղմուկով ստեղծել է բոլոր պայմանները, որ մարդն ապրի անարթուն և միայն ու միայն հացով: Այսօրվա մարդը փնտրում է բարեկեցություն, հարմարավետություն՝ հարմարավետության մեջ, ձգտում է սպառել իր շուրջն ամեն ինչ, հոգևոր ամեն բան արժեզրկել և իմաստազրկել… Քրիստոս մեզ տվեց Իր օրինակը, որ մենք ևս փնտրենք ավելին, հեռու մնանք նյութից, ժամանակավորից, անէականից, սնենք մեր հոգիները, չմսխենք մեզ, քարը քար թողնենք և ամուր լինենք, որ լույս ճառագենք և իմաստավորենք մեր կյանքը:
Աշխարհը չի փոխվել այն օրվանից, երբ սատանան փորձում էր Քրիստոսին: Մենք ևս փորձվում ենք, որովհետև այն, ինչ պատահել է Ուսուցչի հետ, պատահել ու պատահում է նաև մեզ հետ: Ամեն օր ընտրության առաջ ենք, և յուրաքանչյուր նոր օր հնարավորություն է մեր կյանքի ընթացքը փոխելու և մեղքի քնից արթնանալու համար:
Ինձ օգնեց ծովը. հիացա աշխարհի գեղեցկությամբ, մաքրվեցի, վերադարձա սկզբիս, վերագտա էականը: Հայաստանն այսօր ծով չունի, բայց ունի շքեղ լեռներ, ու վստահ եմ՝ դրանց գագաթներին ևս, որտեղ լռություն ու խորություն կա, հնչում է Խոսքն Աստծո: Գնա՛ ու փնտրի՛ր:
Ճշմարտությունն այն է, որ բնության ամեն անկյունում՝ խոնավ անտառներում, անեզր ծովում, գետափերին ու լեռնագագաթներին, ծաղիկների դաշտերում և ամենուր հնչում է Խոսքը՝ լռությամբ զարդարված, որևէ բան չպարտադրող: Թե ականջ ունեցար, կլսես ու կապրես: Հետո Խոսքը կարձագանքի քո մեջ, քո ներսում, քո գործերում, քո շուրթերին…
Աշխարհում կատարվող ամեն բարի բան Աստծո Խոսքի նշխարն է կրում իր մեջ: Ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք բարին, գործում ենք բարին, դառնում ենք Խոսք հնչեցնող, մեզնով ապրեցնող:
Որքան էլ փորձ արվի արժեզրկելու հոգու աշխարհն ու արժևորելու նյութականը, միևնույն է, մարդը վաղ թե ուշ զգում է կանչը. ապրել ավելին, լսել ավելին, անել և տալ ավելին, լինել ավելին: Այդ կանչը մեկ անգամ լսելուց հետո հնարավոր չէ չդառնալ փնտրող՝ Խոսքի, հոգու, մաքրության, բարու: Փնտրելու և գտնելու շղթան չի ընդհատվում այլևս. ուր էլ գնաս, ինչ էլ անես... Կսուզվես ծովը, լեռ կբարձրանաս, թե պարզապես կարթնանաս լուսաբացին, կնայես քո տան պատուհանից, և սիրտդ կթրթռա աշխարհի մաքրությունից...
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ