Երկրային վայելքները ժամանակավոր են՝ հոգու անաղարտությունը հավիտենական

Երկրային վայելքները ժամանակավոր են՝ հոգու անաղարտությունը հավիտենական

Երբ Հռոմի Դիոկղետիանոս կայսր ցանկասիրությանը չենթարկվելու համար Հռիփսիմյաց կույսերը դիմեցին փախուստի, այդժամ կայսերը դիմեց հայոց Տրդատ թագավորին, որպեսզի իր երկրում ապաստանած կույսերին գտներ և իր մոտ ուղղարկեր: Տրդատի մարդիկ հեշտությամբ գտնում են Հռիփսիմեին և տանում թագավորի մոտ, իսկ Տրդատը՝ հմայվելով Հռիփսիմեի գեղեցկությամբ, ինքն է որոշում տիրանալ նրան: Երբ Հռիփսիմեն մերժում է և ընդդիմանում, թագավորը կանչում է Գայանեին, հանձնարարում իր սանուհուն համոզել, որպեսզի վերջինս ընդունի թագավորի առաջարկը: Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է իր սանուհուն, որպեսզի հաստատուն մնա իր հավատքի մեջև չփոխանակի երկնքի երջանկությունը երկրավոր փառքի և վայելքների հետ:
 

Թվում է, թե Գայանեն պետք է համոզի և  հետ կանգնեցնի Հռիփսիմեյին, բայց բոլորովին հակառակն է լինում: Քաջության և հավատարմության բացառիկ օրինակի ենք ականատես լինում: Մենք տեսնում ենք, որ կույսերի մեջ Աստծո հանդեպ հավատը այնքան մեծ է, որ մինչև անգամ մահը չի կարող նրանց ստիպել դրժել տված երդումը: Երկրային ոչ մի փառք ու վայելք չի կարող փոխարինել Աստվածային հավատարմությանը: Այս սկզբունքն էին թերևս կույսերը որդեգրել, ինչն էլ ստիպեց անսասան մնալ ցանկացած տանջանքին առաջ: Միայն Հռիփսիմեն չէր, որ պետք է ենթարկվեր տանջանքների իր ըմբոստության համար: Մնացյալ կույսերը ևս գիտակցում էին, որ այդ նույն տանջանքները սպասվում է իրենց: Նահատակության պսակի արժանացավ նաև Գայանե կույսն, ով համարձակություն էր ունեցել մերժել Տրդատ թագավորի հորդորը: Մենք ականատես ենք լինում սպանության դաժան տեսարանի: Նախ կտրում են Գայանեի լեզուն, որով համարձակվել էր գոտեպնդել և խրախուսել Հռիփսիմեին, որ նա ընդդիմանա թագավորին, ապա նրան էլ Հռիփսիմեի նման ոտքերից և ձեռքերից պրկում են գետնի վրա, մորթազերծ են անում և սրի քաշելով՝ սպանում:
 

Կարող են կտրել մարդու լեզուն, խոշտանգել նրա մարմինը, բայց չեն կարող սպանել այն վեհ ոգին, որի զորացնողը Աստված է: Ս. Գայանե կույսն իր այս օրինակով քրիստոնյա հավատացյալներին կարևոր պատգամ է թողել՝ երկրային վայելքները ժամանակավոր են՝ հոգու անաղարտությունը հավիտենական:
 

Աստված է մեզ զորացնողը, երբ մաքուր ենք պահում մեր մարմինն ու հոգին, արժանանում ենք Տիրոջ կարեկցանքին, հետևաբար աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող սպանել այն ոգին, որի զորացնողը Տերն ինքն է:

  • 2021-08-09
×