Հայ Առաքելական Եկեղեցու սոցիալական ծառայության հաստատումը

Հայ Առաքելական Եկեղեցու սոցիալական ծառայության հաստատումը

4-րդ դարում Եկեղեցին սոցիալական օգնությունն օրինականացրեց որպես իր գործունեության ուղղություններից մեկը, որի արդյունքում վանքային համալիրները վերածվեցին բազմապիսի օգնությունների ցուցաբերման կենտրոնների, որտեղ վանականները սկսեցին կատարել նաև օգնության կարիք ունեցող անձանց առաջին դասակարգումները՝ հիվանդներ, մուրացկաններ, ճանապարհորդներ և այլն: Այդ ժամանակաշրջանում եկեղեցու կարևորության ու ազդեցության մեծացման մասին է վկայում եկեղեցական համակարգի կողմից երեխաների կրթության ու դաստիարակության ապահովման գործառույթների սեփականացումը, ինչպես նաև աղքատներին օթևանի և սննդի ապահովումը: Դրանով իսկ՝ այսօրվա ընկալումներով ասած՝ սոցիալական պաշտպանության հիմնական ոլորտները՝ կրթությունը, առողջապահությունը և աղքատների սոցիալական ապահովությունը կենտրոնացվեցին մեկ տեղում՝ եկեղեցու ձեռքում: Եթե դրան ավելացնում ենք նաև այն, որ եկեղեցու իրավասության տակ էր գտնվում նաև սոցիալական վեճերի լուծման խնդիրը, ապա ստացվում է, որ ի դեմս եկեղեցու, գործ ունենք ունիվերսալ գործառույթներ իրականացնող սոցիալ-քաղաքական ինստիտուտի հետ: Ըստ էության, եկեղեցին այդ ժամանակներում «մեկ տանիքի» տակ էր հավաքել կարիքավոր անձանց սոցիալական օգնության տրամադրման գրեթե բոլոր ձևերը՝ դրանով իսկ դառնալով իր ժամանակի սոցիալական քաղաքականության ամենաազդեցիկ կենտրոնը: 

 
Երբ 353 թ.-ին, Արշակ թագավորի միջամտությամբ, քսանհինգ տարեկան հասակում Ս. Ներսեսն ընտրվեց Հայոց Կաթողիկոս, այդ պահից սկսած մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացումն ավելի մեծ թափ ստացավ: Հայաստանում քրիստոնեության տարածման սկզբնական շրջանից սկսած՝ մարդասիրական և բարեգործական նկատառումներով ստեղծվեցին վանական բազմաթիվ բարեգործական հաստատություններ՝ հիվանդանոցներ, որբանոցներ ու ծերանոցներ, օթևաններ, որտեղ ոչ միայն խնամում էին կարոտյալներին ու լքվածներին, այլև պատրաստում էին հիվանդապահներ ու խնամատարներ: Հայ եկեղեցու պատմության մեջ դեռևս չորրորդ դարում Ներսես մեծ կաթողիկոսի կողմից հասարակության լքված ու կարոտյալ խավերի համար հիմնվեցին բազմաթիվ բարեգործական հաստատություններ՝ ծերանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, ճաշարաններ, օթևանատներ՝ սկիզբ դնելով Հայ Առաքելական եկեղեցու սոցիալական ծառայությանը, որը տարբեր ձևափոխություններով գործում է մինչև մեր օրերը: Հենց այս կերպ եկեղեցին իրականացնում է կրոնի սոցիալական գործառույթը:
 
 
Եկեղեցական կյանքն ավելի բարեկարգ և կանոնավոր դարձնելու համար Ներսես Մեծը հանդես եկավ մի շարք այլ առաջարկներով: Օրինակ՝ կուսակրոնների համար եղբայրանոցներ կամ վանքեր կառուցել, որպեսզի նրանք հեռու մնան աշխարհիկ կյանքից, մենակյացների համար՝ հյուղակներ, եպիսկոպոսների համար՝ հատուկ կենտրոններ, կամ առաջնորդարաններ: Ներսեսի պաշտոնավարության սկզբնական շրջանում խաղաղություն էր տիրում երկրում: Եկեղեցիները պայծառացան և ողջ երկրում հոգևոր կյանքը վերազարթոնք ապրեց:
Ներսես Մեծի մասին խոսելիս կարևոր է նաև հիշատակել Խադ եպիսկոպոսի մասին, ով եղել է Ներսես Մեծի գործակալը և նրա ողջ կայնքի անբաժան ընկերը: Հավատքի մեջ առաջադեմ և իրեն վստահված գործերում հավատարիմ անձնավորություն է Խադը: Հատուկ հոգածություն ուներ Հայ Եկեղեցու և մանավանդ աղքատների հանդեպ, ինչի համար էլ Ներսես Մեծը նրան հանձնարարեց աղքատներին հոգ տանել: Նրա ձեռքով հիվանդների վրա բազում նշաններ, հրաշքներ, զորություններ և բժշկություններ էին կատարվում։ Փավստոս պատմիչը հաստատում է, որ երբ ամեն ինչ օգտագործում և աղքատներին էր բաշխում, լինի դա կերակուր, կամ գինի, կամ որևէ ուտելիք և խմելիք, հաջորդ օրը տեսնում էր, որ այդ ամենը նորից «Աստծո հրամանով, կարասների մեջ էր»:
  • 2021-08-09
×