Դանիելը Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Դեռևս երիտասարդ տարիքում գերեվարվում է, այնուհետև իսրայելցի գերյալների մեջից նրան հանում են, որպեսզի ուսում ստանա, և բարձր պաշտոններ ստանձնի: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Նա դաստիարակվել և կրթություն է ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարևոր պաշտոն ստացել:
Սեդրակը Միսաքը և Աբեդնագովը Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և հավատքի մեջ եղել են նույնքան հաստատակամ, որքան Դանիել մարգարեն: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Երեք ընկերները երկրպագելը մերժում են՝ ասելով. «Մենք երկնքում մեր Աստվածը ունենք, որին արդեն պաշտում ենք, և այս թող քեզ հայտնի լինի, արքա՛, որ մենք քո կուռքերին չենք կարող պաշտել և ոչ էլ երկրպագել կարող ենք քո կանգնեցրած ոսկե արձանին»: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Հնոցում ոչ միայն չայրվեցին, այլև Աստծուն օրհնաբանող երգեր երգեցին: Նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Այս ամենից միայն մեկ հետևություն կարելի է անել՝ կարող են սպանել մարդուն, ենթարկել ամենադաժան տանջաբնքների, ոչնչացնել ֆիզիկապես, բայց հոգին սպանել չեն կարող: Այս երեք ընկերների օրինակը այդ ամենի ապացույցն է:
Հիշեցնենք, որ տարին երկու անգամ՝ Սբ. Ծննդյան և Սբ. Հարության ճրագալույցի պատարագից առաջ, եկեղեցիներում ընթերցվում է մեկ հատված Դանիելի մարգարեության երրորդ գլխից: Գրքում շատ խորհրդավոր մարգարեություններ կան Քրիստոսի և աշխարհի վախճանի վերաբերյալ։