Սովորիր լեզուներ, շրջիր աշխարհներ, բայց մայրենի այբուբենդ թերի իմանալդ ամեն անգամ քեզ կհիշեցնի կիսատ լինելուդ զգացումը: Լեզուն էլ հայրենի հողի նման է, եթե գիտես՝ հողը երբեք ոտքիդ տակ չի դողա, ուստի առաջին հերթին տեր եղի՛ր մայրենի լեզվիդ:
Աստծո հետ հաղորդակից պետք է լինել հայերենով, քանզի միայն սեփական մայրենիդ կարող ես զգալ ու ապրել, իսկ աղոթքի կանգնած մարդը այլ կերպ չի կարող լինել:
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է Աղոթքի լեզու, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է: (Նիկողայոս Մառ)
Հոգևոր կյանքում լեզվի դերը և նշանակությունն անգնահատելի են: Գաղտնիք չէ, որ լեզվի ստեղծման առաջնահերթությունն առաջ է քաշվել, երբ մարդկանց անհասկանալի են եղել օտար լեզուներով հնչող ծեսերն ու ժամերգությունները, եկեղեցական բոլոր երկերը: Ս. Մաշտոցը քաջ գիտակցելով այդ ամենը՝ Աստվածաշունչն ընթերցելիս անմիջապես թարգմանում էր հայերեն՝ մարդկանց հասկանալի դարձնելու համար: Մենք լուծեցինք լեզվի խնդիրը, երբ նա ստեղծեց այբուբենը:
Աստվածաշնչի թարգմանության մեջ իր անգնահատելի դերն ունի նաև Ս. Սահակ Պարթևը, ով Ս. Մաշտոցի հետ միասին ամբողջապես լծվեց գործին և, չնայած բազում առաջացած խնդիրների, կարողացան արդյունքի հասնել:
Որպես անհատ Ս. Մաշտոցը, Խորենացու վկայությամբ, գերազանցել է. «… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։ (Պատմություն Հայոց, 1968 թ.) Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատռեց» (Վարք Մաշտոցի, 1962 թ.)։
Ս. Մաշտոցին հատուկ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, իսկ այդ ամենն անհնար էր առանց լեզվի առկայության: Ս. Մաշտոցի գործունեության մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։
Հ.Գ. Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թարգմանիչներ Մեսրոպի և Սահակի տոնը:
Լիլիանա Օսիպյան