Ճշմարիտ ճանապարհը

Ճշմարիտ ճանապարհը

Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները:

Պատմությունը վկայում է, որ մինչև Տրդատի դարձի գալը մենք ունեցել ենք շատ այլ իշխաններ և պալատականներ, որոնք անհատաբար և ծածուկ ընդունել էին քրիստոնեությունը, բայց վստահաբար նրան է վերագրվում առաջինը քրիստոնեություն դավանելու, բացահայտ Քրիստոսին ընդունելու և քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու փառքը:
 
Ինչպես գիտենք, Տրդատի գահակալության օրոք հրովարտակ է հրապարակվում, որի համաձայն երկրի բոլոր քրիստոնյաները հալածվում են և կռապաշտություն է պարտադրվում, իսկ չընդունողներին գլխատում էին: Ահա, այս օրերին էր, որ ասպարեզ են գալիս մի խումբ կանայք՝ Հռիփսիմյաց կույսերը, որոնց անխնա և անգթորեն սպանել է տալիս թագավորը: Հետագայում, Ագաթանգեղոսը նրան և նրա պալատականներից ոմանց բացահայտորեն խոզի հետ է համեմատում. «վեց օր անտանելի տխրության մեջ էր թագավորը»: Եվ երբ յոթերորդ օրը, թագավորի մտքերը զվարթացնելու համար պալատականները նրան որսի տարան, նա ինքն իրեն բոլորովին կորցրեց. «կառքից դուրս ցատկեց և Նաբուգոդոնոսոր արքայի պես սկսեց գազանաբար մոլեգնել և ինքն իրեն կծոտել»:
 
Մեկ օր շատ պատահական Խոսրովիդուխտ թագուհին այդ ամենից ազդված մի երազ տեսավ, որում Աստծո հրեշտակը ասում էր, որ Տրդատը միայն Գրիգորի ձեռքով կարող է փրկվել և այդպես էլ լինում է:
Ս. Գրիգորի ձեռքով կատարված աստվածային հրաշքի մասին թագավորը պատմում էր բոլորին: Այդ ամենը նա անում էր հեթանոսական բարքերը փոխելու, կործանելու և Աստծուց շնորհված իմաստությունը ժողովրդին փոխանցելու համար:
 
Տրդատ Գ-ն, հաշվի չնստելով դաշնակից Հռոմեական կայսրության տիրակալի հետ, ընտրել է կրոնական նոր ուղի և 301-ին պետական կրոն հռչակել Հռոմեական պետության մեջ հալածվող քրիստոնեությունը: Տրդատ Գ-ի բուն նպատակը Հայաստանի քաղաքական և հոգևոր միասնության, անկախ գոյավիճակի ապահովումն էր, հարևան այլակրոն պետությունների ազդեցությունից նրան զերծ պահելը: Շրջապատված լինելով թշնամիներով` այնուամենայնիվ Տրդատը համարձակություն ունեցավ քրիստոնեությունը իր երկրում դարձնել պետական կրոն։
 
 Սկզբնական շրջանում, Հռոմեական կայսրությունը թշնամաբար է վերաբերվել, քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած Տրդատ Գ-ին, սակայն հետագայում Հայոց արքային հաջողվել է դաշնակցային հարաբերություններ ստեղծել իր հարևանների հետ: Պետք է նշել, որ Տրդատ թագավորը ընդունելով քրիստոեությունը, լուծեց մի շատ կարևոր հարց․ նա հայերին առանձնացրեց իբրև ազգ, որը տարբերվում էր իր կրոնով, մշակույթով և հատուկ ընդգծեց քրիստոնեության առանձնահատկությունը։
  • 2021-08-09
×