Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս…
Համբարձման տոնով այս ավետիսը եզրափակվում է: Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո 40 օր շարունակ միմյանց այսպես էինք ողջունում, որովհետև Տեր Հիսուս, հարություն առնելով գերեզմանից, ժամանակ առ ժամանակ հայտնվում էր Երկրի վրա և իր ծառաներին ու առաքյալներին պատգամներ էր տալիս, առաջնորդում էր, իսկ երբ լրացավ 40 օրը, հավաքեց նրանց և բարձրացրեց Ձիթենյանց լեռը: Ձեռքերը երկինք բարձրացնելով՝ օրհնեց իր առաքյալներին: Մինչ առաքյալները նայում էին Հիսուսին՝ Նա Երկրից համբարձվեց Երկինք: Առաքյալներն, ապշած, բայց միևնույն ժամ ուրախացած, հետևում էին այդ խորհրդին այնքան, երբ արդեն նրանց տեսադաշտից վերացավ Հիսուս: Առաքյալները Հիսուսի համբարձման երևույթից չափազանց ոգևորված Ձիթենյանց լեռից վերադարձան և սպասում էին Աստծո խոստումներին: Տիրոջ երկրավոր կյանքի ամբողջ տնօրինագործությունները համբարձմամբ ավարտվեց: Եթե Քրիստոսի հարությունը փաստում է Տիրոջ հաղթանակը չարի ու մահվան նկատմամբ, ապա Համբարձումը վկայում է մեր կյանքում Քրիստոսի հավիտենական ներկայության մասին: Հարության ժամանակ ոչ ոք ներկա չէր գերեզմանին: Սրբազան ավադությունն ասում է, որ պահապան զինվորներն էլ չարժանացան Տիրոջը տեսնելուն. նրանք միայն լույսը տեսան, ահաբեկվեցին, և Տերը կնքված գերեզմանից հարություն առավ: Ի տարբերություն հարության՝ համբարձման տոնին ականատես եղան Նրա բոլոր աշակերտները, որովհետև Տերը հավաքեց բոլորին և համբարձվեց Երկինք: Համբարձումից հետո 10 օր շարունակ մենք տոնակատարում ենք համբարձման խորհուրդը: Ըստ ավանդության՝ այդ օրերի ընթացքում Տեր Հիսուս անցնում էր հրեշտակաց դասերի միջով: Ըստ հայոց ավանդության՝ մասնավորապես Գրիգոր Լուսավորչին մշտապես այցելող հրեշտակը իշխանության դասից էր և պատմվում է, որ Համբարձումից հետո՝ 4-րդ օրը, Լուսավորիչը սպասեց հրեշտակի գալուն, որովհետև նա ամեն օր գալիս էր, իսկ այդ օրը չայցելեց: Հաջորդ օրը, երբ հրեշտակը նորից այցելեց Լուսավորչին, բացատրեց, որ այդ օրը նրա դասի սրբասացության օրն էր: Տեր Հիսուս համբարձվեց ցնծությամբ եւ ուրախությամբ, ինչպես Դավիթ սաղմոսերգուն է ասում. «Համբարձվեց Աստված օրհնությամբ, եւ մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6): Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից որ եկել էր մեղավոր մարդկության փրկության համար: Այսօր էլ Փրկիչը մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում, միայն թե ապավինենք Նրա սիրուն, եւ Նա իր ամենազոր թեւերով կպաշտպանի մեզ ամեն տեսակ վտանգներից եւ վերահաս պատժից: