Սուրբ Հոգու աստվածային գալուստը քարոզվել է բոլոր մարգարեների կողմից, բայց կատարելապես Նրա գալստյան մասին առաքյալներին պատմեց Փրկիչը. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին»(Հովհ. ԺԴ 15-17): Եվ դարձյալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. ԺԴ 26): Սրանով հայտնում է, որ Սուրբ Հոգին Հորից էր գալու: Տերն ասաց. «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ. որովհետև եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 5-7):
Տերն Իր հրաշափառ Հարությունից քառասուն օր անց համբարձվեց և ինն օր հրեշտակների ինը դասերում պաշտվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում և առաքյալների դասերի վրա առաքեց խոստացած Պարգևը՝ Սուրբ Հոգին, որպեսզի առաքյալները, Սուրբ Հոգին կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր: Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Սուրբ Հոգին Իր էջքով նոր սքանչելիք գործեց՝ կյանքի հոտ ու անմահության բույր հեղելով Երուսաղեմի վրա և լիացնելով քաղաքը:
Աստծու Հոգին բանական է, մտավոր, կենդանի և կենդանացնող, որով զարդարվում և կառավարվում են բոլոր բանականները, երկնավորներն ու երկրավորները: Նա «Սուրբ Հոգի» է կոչվում, որպեսզի խոսքի մեջ զանազանվի հրեշտակների և մարդկանց հոգիներից: Թեպետ հրեշտակները սրբություն ունեն, ինչպես և մեր հոգիները, որ Արարչից բարի ստեղծվեցին և բարի Աստծու պատկերն են, սակայն զանազանվում է արարածների սրբությունը Սուրբ Հոգու սրբությունից: Քանզի Աստծու Հոգին բնությամբ է սուրբ, իսկ հրեշտակները և մեր հոգիները՝ դրությամբ
Եվ ինչպես Աստված փակեց Դրախտը բոցեղեն սրով և պահեց Կենաց ծառի ճանապարհը, այդպես էլ այսօր առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է: