Շուրջ երկու տարի է, ինչ հոգևոր զրույցներ եմ վարում ամենատարբեր մարդկանց հետ։ Այդ ընթացքում քննարկում ենք ամենը, ինչ ընդգրկում է կյանքն ինքը, ապա զրույցը դառնում է ընթերցելու նյութ։ Զրուցակիցներիս մշտապես տալիս եմ հետևյալ հարցը՝ ի՞նչ եք անում հուսահատության պահերին։ Երկու տարվա ընթացքում շատ տարբեր պատասխաններ եմ լսել՝ «աղոթում եմ»-ից մինչև «սուրճ եմ խմում», «գնում եմ կենդանաբանական այգի՝ մարդկանցից հանգստանալու»-ից մինչև «գրկում եմ երեխաներիս, նրանց հետ ժամանակ անցկացնում»։ Մարդիկ տարբեր կերպ են վերապրում հույսի բացակայությունը․ մեզ մեծապես բնորոշում է նաև այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր իսկ հուսահատությանը, ինչ ենք անում դրա հետ և ինչպես ենք փորձում հույս գտնել։
Ինչո՞ւ է հույսը կարևոր և այդքան կենսական մեզ համար։ Որովհետև մարդը մշտապես ունի դժվարություններ, լուծելիք խնդիրներ․ երբեք այնպես չի լինում, որ ամեն ինչ կյանքում ընթանա հարթ ու անխոչընդոտ։ Եվ որպեսզի մարդը կարողանա առաջ շարժվել, չկոտրվել իրեն պատահած դժվարություններից, նա պիտի հույս ունենա։ Հակառակ դեպքում նույնիսկ անկողնուց պոկվելը կդառնա անհնար։ Իսկ այդպես լինում է և ոչ հազվադեպ։ Հույսի բացակայությունը մարդուն դարձնում է առաջ քայլելու անկարող, դարձնում է տկար ու անլույս։ Հույսի բացակայության մեջ մարդը միայն խոչընդոտներ է տեսնում, տեսնում է խնդիրը, և ոչ լուծման ուղին։
Հույսը կարևոր է, որովհետև մենք բոլորս ունենք վերքեր՝ բաց, արյունահոսող, մեզ խորը ցավ պատճառող։ Կյանքը նաև կորուստների մասին է, և մարդը ստիպված է վերապրել կորուստ ունենալու ցավը։ Որպեսզի մարդը կարողանա շարունակել իր կյանքը կորստից հետո, պիտի հույս ունենա։ Այս դեպքում հույսը բալասան է, բուժիչ մի նյութ, որին ոչինչ չի կարող փոխարինել։ Մի օր կորուստը վերագտնելու հույսն է, որ ապրելու խթան է դառնում։
Մի բանաստեղծ այս առիթով ասել է․ «Մի՛ վշատացիր․ ամենը, ինչ դու կորցնում ես, վերադառնում է քեզ այլ կերպարանքով»: Միայն հույս ունեցողը կարող է ձեռք բերել տեսողություն՝ գտնելու իր կորուստները այն ամենում, ինչ տրվում է իրեն։ Միայն հույս ունեցողը կարող է նկատել այն ամբողջ հոգատարությունը, որով շրջապատվում է նա, երբ ցավ ունի։
Հույսը կարևոր է նաև նրանով, որ կարողանաս ինքդ ներշնչել այն դրա կարիքն ունեցողին։
Մեզ ամենուր շրջապատում են մարդիկ, ովքեր կարիք ունեն բարի խոսքի, ներշնչման, գալիքի հանդեպ հույսի։ Նայե՛ք ձեր շուրջը և կտեսնենք բազում հույսի կարոտ աչքեր։ Մեր մտերիմներից սկսած մինչև բոլորովին օտար մարդիկ ժամանակ առ ժամանակ կարիք են ունենում մեկի, ով կասի, որ ամեն բան, ի վերջո, լավ է լինելու․ դրա վրա է հիմնված այս աշխարհը։ Դու չես կարող ուրիշին տալ մի բան, որն ինքդ չունես։ Բայց երբ ունես, պիտի առատորեն բաշխես, որովհետև այդպես դու կշատացնես ունեցածդ։
Երբևէ նկատե՞լ եք, երբ մենք խոսքով և հույսով աջակցում ենք մեկին, մեր ներսում ևս լույսի առկայծում է լինում․ հանկարծ մենք ինքներս գտնում ենք մեզ հուզող հարցի պատասախանը, մեր իսկ խնդրի լուծումը։
Աշխարհի լավագույն ֆիլմերից մեկում՝ «Փախուստ Շոուշենկից», ասվում է՝ «Հույսը լավ բան է, միգուցե լավագույն բանը, և ոչ մի լավ բան երբևէ չի մեռնում»։ Այդպես էլ կա։ Երբևէ համաձայն չեմ եղել «Հույսը վերջինն է մեռնում» արտահայտության հետ։ Հույսը երբե՛ք չի մեռնում։ Որովհետև այն վերերկրային ծագում ունի, այն անմեռ է, որովհետև հույսը նվեր ու հոգատարություն է մեկից, ով ոչ մի վայրկյան մեզ մենակ չի թողնում։
Մենք երբեք մենակ չենք, նույնիսկ երբ հույս չունենք, նույնիսկ երբ թվում է՝ բոլորովին մենակ ենք, լքված և անուժ։ Հենց այդ ժամանակ է, որ Աստծո հոգատար ձեռքերն առաքում են մեզ սեր՝ երբեմն բոլորովին անսպասելի մի տեղից։ Այդ սերը ստանալու համար հարկավոր է ընդամենը բացել սիրտը, հավատալ սրտի տեսողությանը։ Եվ ամեն բան լավ կլինի, որովհետև սերը մշտապես հույս է տածում։
Ամեն բան լավ կլինի, որովհետև հենց դրա վրա է հիմնված այս աշխարհը։
Հեղինակ՝ Ա․ Պողոսյան