Մյուռոնը միության հիմք

Մյուռոնը միության հիմք

Այս աշխարհում Եկեղեցին` որպես Հիսուս Փրկչի խորհրդավոր մարմին (տե՛ս Եփեսացիներ Ե 23), դարեր շարունակ կենսունակ և շարունակական է պահում փրկագործության խորհուրդը: Փրկչի հրաշափառ Համբարձումից հետո այն առաջնորդվում և իր կյանքն է ստանում Ամենասուրբ Երրորդության երրորդ անձից՝ Սուրբ Հոգուց: Սուրբ Հոգու դերը չափազանց կարևոր է Եկեղեցու կյանքում, քանզի միայն Նրանից ծնված (Հովհաննես Գ 5) և Նրա տաճար դարձած (Ա Կորնթացիներ Գ 16) անձը կարող է սրբանալ և մտնել երկնքի արքայություն: Նկատի ունենալով Սուրբ Հոգու սրբացնող առաքելությունը և նույն սրբացնող ու նվիրագործող հատկանիշը` Եկեղեցու սուրբ հայրերը այդ յուղը դարձրին Սուրբ Հոգու խորհրդանիշ: Այն անվանվեց «անուշահոտ յուղ»: Ըստ ավանդության՝ Հայոց մյուռոնին խառնված է նաև Թադեոս առաքյալի կողմից Հայաստան բերված, Քրիստոսի օրհնությունը կրող յուղը, ուստի ամեն անգամ հին մյուռոնը նորին խառնելով փոխանցում ենք մեր սուրբ հայրապետների և, ամենակարևորը, Քրիստոսի օրհնությունը: Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որով հիմնավորվում է մյուռոնի՝ Սուրբ Հոգու ներկայություն լինելու իրողությունը և հերքվում շատերի նյութապաշտ լինելու վերաբերյալ կարծիքները: Մյուռոնօրհնեքի ընթացքին սրբալույս յուղն այլ սրբությունների հետ միասին օրհնվում է նաև աստվածամուխ սուրբ Գեղարդով, որն իր վրա կրում է աստվածային լրությամբ մարդեղացած (Կողոսացիներ Ա 19) Քրիստոս Աստծո Սրբասուրբ Արյան հետքը: Պողոս առաքյալը, խոսելով Սուրբ Հոգու մասին, ասում է. «Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է» (Ա Կորնթացիներ ԺԲ 4): Այստեղից երևում է, որ Հոգին ամբողջ Եկեղեցին համախմբում, մի ամբողջություն է դարձնում, միավորելով ամենքին Սուրբ Հոգու տաճար լինելու պատգամի շուրջ (Ա Կորնթացիներ Զ 19): Նույն մյուռոնով է դրոշմվում մկրտվածը, օծվում քահանան, սրբագործվում եկեղեցու շինությունը և երաշխավորվում Եկեղեցու միության շարունակականությունը: Ահա այսպիսի հիմնարար գաղափար ի մտի ունենալով` երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը դեռևս Կիլիկիո կաթողիկոսությունում աթոռակալելու շրջանում հիմք դրեց մի կարևոր ավանդության. ամեն անգամ Անթիլիասում մյուռոնօրհնության ժամանակ նոր մյուռոնին խառնվում է նաև Էջմիածնում օրհնված մյուռոնը, և հակառակը` Էջմիածնում մյուռոնօրհնության ընթացքում նոր մյուռոնին խառնվում է Անթիլիասից բերվածը: Նման քայլով բազմերախտ հայրապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ թեև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի երկու կաթողիկոսություն, բայց այն միշտ եղել և մնում է մեկ Եկեղեցի:

 

Պատրաստեց Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×