Եթե բողոքում ես կյանքից, քեզ շրջապատող երևույթներից ու իրադարձություններից, ապա կարդա Աստվածաշունչը, ու այն կդառնա քեզ համար կյանքի լավագույն ուղեցույցը:
Եթե ցանկանում ես ուղղել սխալներդ և չգիտես՝ ինչպես, ապա կարդա Աստվածաշունչը, որովհետև այն ցույց կտա ճիշտ ճանապարհը:
Եթե ուզում ես խորհրդակցել մեկի հետ, ապա կարդա Աստվածաշունչը, որովհետև չկա կյանքում ավելի լավ խորհրդատու, քան Նա: Տերը քեզ միշտ ներքին ձայնի պես հետևում է, միայն պետք է կարողանալ հաղորդակցվելու կարողություն ձեռք բերել Նրա հետ, իսկ դա հեշտ չի տրվում ոչ մեկի: Այն մարդը, ով ապրում է աստվածահաճո կյանքով, ով գիտի առաջնորդվել պատվիրաններով, երբեք չի տրտնջա, թե չի հասկանում Աստվածաշնչի լեզուն: Երբ գնում ես եկեղեցի, մոմ վառում ու աղոթում վստահ ես, որ Տերը քեզ լսում է, այնպես չէ՞: Տերը նույնպես փոխադարձ ակնկալում է քեզանից լսել Նրան, իսկ Նա խոսում է քեզ հետ Աստվածաշնչի միջոցով:
Եթե դեռ հավատում ես մի շարք սնահավատությունների, որոնք կարող են ազդել կյանքիդ ընթացքի վրա, ապա կարդա Աստվածաշունչը, որովհետև այն հանգամանալից կբացատրի ու կհերքի բոլոր նմանօրինակ երևույթները:
Եթե ցանկանում ես ամեն վատի, բացասականի մեջ տեսնել դրականը, համակերպվել բոլոր տեսակ իրավիճակների հետ ու լինել լավատես կյանքի նկատմամբ, կարդա Աստվածաշունչ:
Եթե Պահքի շրջանում ես գտնվում, փորձիր այլոց կարծիքները լսելու, նրանց խորհուրդներին հետևելու փոխարեն կարդալ Աստվածաշունչը:
Ամեն օր քնելուց առաջ, երբ կվերցնես Աստվածաշունչը ու գոնե 10 տող կկարդաս, ես կհամարեմ, որ իմ նպատակին հասել եմ, իսկ իմ նպատակը մեկն է՝ գտնես ինքդ քեզ ու քո մեջ ներդաշնակություն:
Երջանիկ է ապրում այն մարդը, ով կարդում է Աստվածաշունչ: Իսկ մենք բոլորս ցանկանում ենք լինել երջանիկ, չէ՞:
Լիլիանա Օսիպյան