Ավետում

Ավետում

Ավետումը Սուրբ Աստվածածնին նվիրված ութ տոներից մեկն է և դրանց շարքում՝ միակը, որ սահմանված է ավետարանական պատումի հիման վրա: Ավետման հրաշագեղ պատմությունը մեզ ավանդել է Ղուկաս ավետարանիչը: Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաք՝ Մարիամի մոտ. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս Ա 28): Տեսնելով Մարիամի շփոթմունքը՝ հրեշտակն ասում է. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի Որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Եվ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա Հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկաս Ա 30-32): Մարիամը հրեշտակին զարմացած հարցնում է, թե ինչպես դա կպատահի, քանի որ ինքը տղամարդ չի ճանաչում: Հրեշտակը պատասխանում է. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է, և Աստծու Որդի կկոչվի» (Ղուկաս Ա 35): Մարիամը հնազանդվում է Տիրոջ կամքին. «Ահավասի՛կ, ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկաս Ա 38):
 

Քրիստոնեության առաջին դարերում Տերունի մի շարք տոներ (Հիսուսի Անվանակոչություն, Տեառնընդառաջ և այլն), այդ թվում՝ Ավետման տոնը, նշվում էին միասնաբար՝ Աստվածհայտնության տոնի հետ միասին: Հետագայում բոլոր տոների նման Ավետման տոնը ևս առանձնանում է: Արդեն V դարում, շնորհիվ Եղիշեի գրվածքների, հայոց մեջ նույնպես Ավետումը տեսնում ենք որպես առանձին տոն:
 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ավետման տոնը նշել է ապրիլի 7-ին (երբեմն՝ ապրիլի 6-ին), սակայն մինչև XV դարը, երբ հայերին քանիցս պարտադրվել է քաղկեդոնական դավանանք և տոնածիսական փոփոխություններ, մի քանի անգամ տոնը տեղափոխվել է մարտի 25-ին:  XV դարի կեսերից սկսած՝ Ավետման տոնն անփոփոխ նշվում է ապրիլի 7-ին, իսկ նախատոնակը՝ ապրիլի 6-ին:
 

Ավետումը արտացոլվել է թե՛ ժողովրդական բանավոր մշակույթում, և թե՛ եկեղեցական կանոնական արվեստում՝ մանրանկարչության, որմնանկարչության, որմնաքանդակի և արվեստի այլ ճյուղերի մեջ:
 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Այսպիսով Հայ Եկեղեցին ևս մեկ անգամ ամրագրում և ամրապնդում է այն գաղափարը, որ մայրությունը և ընտանիքը միշտ եղել են և կան հայ ժողովրդի և հայկական պետականության ամրության գլխավոր հիմնասյուներից մեկը:
 

Մայրությունը բոլոր ժամանակների բարձրագույն գաղափարն է: Մարդկային նոր կյանքին ծնունդ տալով՝ մայրը մասնակից է դառնում աստվածային արարչագործության շարունակականությանը՝ նմանվելով Աստծուն: Մայրական սերն աստվածային սիրո պես զորեղ է, քանզի վերերկրային է:
 

 

Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀՀ  ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×