Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը նշում է ապրիլի 7-ին: Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ թագավորի սերնդից էր, իսկ մայրը` Ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին և ամուլ էին: Նրանք մշտապես աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարքով և խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Մանուկ հասակից ծնողները նրան ընծայում են տաճարին, իսկ ավելի ուշ նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին։ Կույսը չորս ամիս Հովսեփի տանն ապրելուց հետո հրեշտակից ընդունեց հղության ավետիսը:
«Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր» (Ղուկ. Ա 26-27): Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը հրեշտակին տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց և մտածեց` արդյոք ինքը արժանի՞ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք խորհուրդը: Ճիշտ է նկատել Լամարթինը. «Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է»:
Հրեշտակը, տեսնելով նրա երկյուղը, ասաց.
«Մի՜ վախեցիր, Մարիա՜մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար»:
Հեզ ու հանդարտ խոսքերով հրեշտակը նախ հանդարտեցնում է Կույսի խռովված միտքը, որպեսզի հնարավոր լինի պատգամը ամբողջովին հաղորդել նրան, և կարծես ասում է. «Ահավասիկ շնորհ գտար ոչ բարի գործերիդ համար և ոչ էլ արդարության, այլ սա բարերար Աստծու պարգևն է: Թեպետև ունես բարի գործեր և արժանավոր ես, սակայն դա չի կարող համեմատվել այն պարգևի հետ, որն առաքվեց քեզ երկնքից: Եթե Աստծուց շնորհ ես գտել, ուրեմն Նրանն է ողջույնը: Հիրավի, սա շնորհ է, քանզի պարգևը պարտքի դիմաց չի տրվում և ոչ էլ մարդկային արժանիքների չափով, այլ եղածներից առավել մեծությամբ ու սքանչելիքներով»:
«Եվ ահա՛ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես»:
Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային հրավերը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով: