Աստված մարդուն, ով արարչագործության թագն ու պսակն է, ստեղծեց վեցերորդ օրը և ավարտելով Իր գործը՝ յոթերորդ օրը հանգստացավ: Մարդը դրվեց բերկրության Դրախտում, որպեսզի խնամի պարտեզը և Արարչի միակ պատվիրանը պահելով՝ գնա դեպի կատարելություն և անմահություն: Նախամարդն իր ազատ կամքով խախտեց Տիրավանդ փորձաքար-պատվիրանը և շեղվեց իր գլխավոր նպատակակետից ու դարձավ մահկանացու՝ մահվանը ենթակա (Ծննդոց 3): Նույնիսկ այս պարագայում Բազումողորմ Երկնավոր Հայրը ոչ թե միայնակ թողեց անկյալ մարդուն, այլ անմիջապես ձեռնամուխ եղավ նրան փրկելու գործին: Արարիչը սկսեց նախախնամությամբ անկյալին պատրաստել բարձրացման, փրկության և, վերջապես, աստվածացման: Եվ դա արեց ոչ թե մարդու համար օտար, այլ նրան հարազատ ու նրա հետ նույն ակունքն ունեցող մի միջոցով: Այդ նույնակն և հարազատ միջոցը Իր Խոսքն է: Հայ Եկեղեցու հայրերը Սուրբ Հոգու առաջնորդությամբ անմիջապես նկատել են այս նրբին կետը և Տիրոջ նախախնամությամբ Նրա խոսքերի գրքին տվել են «Աստվածաշունչ» անվանումը՝ համաձայն Բ Տիմոթեոս Գ 15 համարի: Վերոբերյալից ծագում է մի շատ հետաքրքիր հարց. ինչո՞վ են մարդը և Աստվածաշունչը հարազատ: Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի Գ 15 համարում կիրառված արտահայտության, ինչպես նաև «Աստվածաշունչ» բառի մեջ տեսնում ենք «շունչ» ընդհանուր արմատը, որը մեզ կամա թե ակամա առաջնորդում է Ծննդոց գրքի երկրորդ գլուխ: Այնտեղ Աստված «կենդանության շունչ» (Ծննդոց Բ 7) է փչում մարդու երեսին, և անշունչ կավը դառնում է կենդանի հոգի (Ծննդոց Բ 7), իսկ այստեղ՝ նույն «շնչով» (Բ Տիմոթեոս Գ 15) գրվում է Սուրբ Գիրքը: Իսկ ի՞նչ կամ ո՞վ է այս «Աստծո կամ կենդանի շունչը»:
Եկեղեցու հայրերը միախորհուրդ հաստատում են՝ Աստծո Սուրբ Հոգին: Հենց Սուրբ Հոգին է Ծննդոց գրքի սկզբում ստեղծում մարդկային հոգին, իսկ արդեն պատվիրանազանցությունից հետո ներշնչում սուրբ մարդկանց գրելու Աստվածաշունչ մատյանը: Սաղմոսերգուն Աստծո Խոսքի մասին ասում է. «Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են» (Սաղմոս ԺԱ 7): Հենց այս նույն հանգրվանի համար է նախ ստեղծվել և ապա՝ փրկվել մարդը, քանզի Արարիչը պատվիրում է «Սուրբ եղեք, քանզի ձեր Երկնավոր Հայրը սուրբ է» (Ղևտական ԺԱ 44): Ուստի, եթե մարդը վերականգի իր նախաստեղծ վիճակը և Աստծո խոսքը դարձնի իրեն սիրելի ու անձկալի, նա կապրի Աստծո խոսքով և կլինի Նրա պատգամների տարածողն ու իրագործողը: Ահա՛ այսքանով հարազատ են Սուրբ Գիրքը և սրբության ձգտող մարդ արարածը, որովհետև բխում և ստեղծվում են մեկ ու միակ Սրբարար Աղբյուրից:
Պատրաստեց Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝«Շողակն Արարատյան» ամսաթերթ