«Աստված միշտ ինձ հետ է»

«Աստված միշտ ինձ հետ է»

Որտեղի՞ց է արդյոք մեր մեջ այն գիտակցությունը, որ մեզնից վեր կա գերագույն մի Էակ, որին մենք կարող ենք դիմել նեղության պահին, խոսել Նրա հետ աղոթքի լեզվով և կամ մեր դժգոհությունը հայտնել մեր կյանքի անհաջողությունների համար, թեև վերջինիս դեպքում այդ անելու իրավունքը մենք չունենք:
 

Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը, մյուս բառերի շարքում անիմաստ կերպով` չհասկանալով, թե ինչ իմաստ կա այդ բառի հիմքում: Եվ իսկապես, հաճախ մենք անգիտակցաբար ենք արտաբերում Աստված, Հիսուս Քրիստոս անունները:
 

Աստված Սուրբ է և մեզ էլ սրբության կոչ է անում. «Սո՛ւրբ  եղեք,  որովհետև սուրբ եմ ես» ( Ա Պետրոս 1:16): Հիսուս Քրիստոս ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ.13:34), ուրեմն կա Աստծո մի անուն, որ առավել է բնութագրում Նրան. Աստված սեր է: Դուք հավանաբար հանդիպել եք մարդկանց, ովքեր ասում են՝ «Աստված միշտ ինձ հետ է»: Եթե Աստված մարդու հետ է, ապա մարդը պետք է, որ Աստծուն ճանաչի, իսկ Աստծուն կարող ենք ճանաչել միայն այն դեպքում, երբ պահում ենք Նրա պատվիրանները, հակառակ դեպքում, այն զգացողությունը, թե մենք Աստծո հետ ենք, կեղծ է, ու իրականությանը չի համապատասխանում: Այն առաջին հերթին հենց մեզ է վնասում ու ի վերջո՝ հուսահատության գիրկը հասցնում, որն էլ հենց չարի նպատակն է: Որովհետև մարդն Աստծուց ունի սպասելիքներ, խնդրանքներ ու աղաչանքներ, ու չի հասկանում, թե դրանք ինչու չեն կատարվում կամ իրականանում: Անհնար է Աստծուն ճանաչել, եթե դու չես պահում նրա պատվիրանները: Շատերն ասում են՝ «Աստված միշտ ինձ հետ է», բայց ապրում են անօրեն կյանքով: Հիշեք Հովհաննես առաքյալի այս խոսքը, թե՝ «Ով ասում էթէ՝ ճանաչեցի նրանբայց նրա պատվիրանները չի պահումսուտ էև նրա մեջ ճշմարտություն չկա» (ԱՀովհ. 2:4): Երբ դու իսկապես սկսում ես ապրել պատվիրաններով, որը նշանակում է խոնարհվել, համբերել, սիրել Աստծուն ու մերձավորին, ուրանալ քո սեփական անձը, ապա դու սկսում ես փոխվել: Եթե նեղության և ուրախության օրերին մտածում ես, որ Աստված քեզ հետ է ու ճանաչում ես նրան, ապա հարց տուր ինքդ քեզ, թե որքանո՞վ ես դու ընդունում իր խոսքը, որքանո՞վ ես դու սիրում իրեն, որքանո՞վ ես դու պահում իր պատվիրանները:
 

Մենք պետք է միշտ գիտակցենք, որ Աստված ներում է մեր մեղքերը: Ամեն անգամ, երբ մենք Աստծո կամքով չենք գործում, երբ մենք Ավետարանի համաձայն չենք ապրում, մեղք ենք գործում, իսկ յուրաքանչյուր մեղք փակուղի է։ Այո՛, մենք մարդ չենք սպանում, բայց կան բազում փոքր մեղքեր, որոնք մենք գործում ենք մեր կյանքի ընթացքում և եթե իսկապես ցանկանում ենք, որ Աստված միշտ մեզ հետ լինի, պետք է մենք էլ նրա հետ լինենք՝ հրաժարվելով մեղքերից և պահելով Նրա  պատվիրանները:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-07-08
×