Քրիստոնյայի ուժն Աստծո զորության մեջ Է

Քրիստոնյայի ուժն Աստծո զորության մեջ Է

«Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթացիներ ԺԲ 9): Ահա՛ այսպես է Աստված պատասխանում Պողոս առաքյալին, ով ասում է՝ «Երիցս աղոթեցի Աստծուն»: Սա, ըստ էության, բացահայտում է մարդու գիտակցությունն առ այն, որ առանց Աստծո զորության մարդ ոչինչ ի զորու չէ անել:
 

Մարդն ինքն իրենից վեր է բարձրանում միայն ինքնաճանաչողությամբ, այսինքն՝ այն գիտակցությամբ, որ այն եմ, ինչ կամ՝ լի բազում տկարություններով և դեռևս ու միշտ կատարելության ձգտող…
 

Սուրբ Գրիգոր Տաթևացին շեշտադրում է, որ ինչ էլ որ մարդը ձեռնարկի, պետք է Աստծուց օգնություն խնդրի. «Մեր բոլոր գործերն աղոթքներով հաջողվում են և կատարվում, քանի որ ամեն գործում մարդ օգնականի կարիք է զգում, և երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում՝ լինի վաստակ, թե՛ ձեռագործ, թե՛ ճանապարհ և այլն: Իսկ եթե չենք աղոթում, սատանան ամեն գործում հակառակվում և խանգարում է»:
 

Երբ մարդ բռնում է աստվածճանաչողության ուղին, բախվում է սեփական անձը ճանաչելու, այն փոխելու, կատարելագործելու, բարու մեջ հաստատվելու, սեփական տկարությունների դեմ պայքարելու, Աստծո գիտությամբ ու պատվիրանապահությամբ ապրելու հանձնառությանը:  Մեր առաքելահաստատ եկեղեցու եռամեծ վարդապետ սուրբ Գրիգոր Տաթևացին հորդորում է. ամեն ձեռնարկից առաջ Աստծուց օգնություն խնդրել, քանի որ երբ աղոթում ենք, Տերը օգնական է լինում: Եթե չենք աղոթում, սատանան ամեն գործում հակառակվում և խանգարում է:
 

 Մեր մարդկային  բնությունն անկարող է ամեն ինչ կրել, հանդուրժել՝ առանց Աստծո միջամտության: Մենք նույնիսկ անընդունակ ենք ներելու մեզ վնասողին, մեզ բամբասողին, դատողին, նսեմացնողին, իսկ Աստծով ամեն ինչին էլ դիմանում ենք, Նրա անսահման սիրով համբերում և, նույնիսկ, ներում ենք: Աստված Սեր է, մեծագույն Բարիք, Ով ճշմարիտ քրիստոնյաներին սովորեցնում է  աղոթել բոլորի համար՝ առանց խտրության,  և Ով  արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա (Մատթեոս Ե 44-45): Մարդկային իմացությանը կարող է հակասական թվալ ավետարանական այս հորդորը, և նրանք կարող են  ընդդիմանալ: Թերևս,  բնական է մարդու այս տեսակ անզուսպ արտահայտումը, որովհետև դեռևս չի ճաշակել Քրիստոսի սերը, չունի իր տկար լինելու գիտակցումը, չի հասել ինքնաճանաչումի, իսկ երբ նա հասնում է այդ ամենին, նրա համար իր դեմ մեղանչած մարդը դառնում է իր նման մեկը, ով ևս կարող է սխալվել: Այդժամ է, որ նա սկսում է պայքարել ոչ թե մարդու, այլ իր և նրա մեջ եղող կրքերի դեմ:
 

Սուրբ Գրիգոր Տաթևացին, անսալով Տիրոջ վարդապետությանը, ուսուցանում է հետևյալը. պետք է սիրել ատելիներին և աղոթել  թշնամիների համար՝ շեշտադրելով, որ  թշնամիները երեքն են.  նախ՝ սատանան, երկրորդ՝ անհավատներն ու մեղավորները, և երրորդ՝ մեր վնասարարներն ու թշնամիները: Պետք է տրտմել մեղավորների և անհավատների համար, որ դեպի կորուստ են ընթանում:
 

Մարդն իր հոգևոր գիտելիքներով, ուղղափառ, ճշմարիտ դավանությամբ   գալիս է դեպի Քրիստոս, և բոլորովին սխալ է այն մտածումը, թե ես իմ Աստվածն ունեմ, պաշտում եմ և որևէ միջնորդի, ուսմունքի կարիք չեմ զգում:  Աստված անփոփոխ է, այդ մենք ենք Նրան տարբեր աչքերով նայում. «Քանզի Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայեցիներ ԺԳ 8):
 

Եվ թեպետ ասվում է, որ Աստված ուրախանում է Իր ծառաների համար և բարկանում անկյալ ժողովրդի վրա, քանզի Նա ողորմած է (Ելք ԼԳ 19),  և այս խոսքը  հստակորեն ուսուցանում են մեզ, որ մեր հատկությունների միջոցով  Աստծո նախախնամությունը հարմարվում է մեր  տկարությանը, որպեսզի ովքեր հակված են դեպի մեղքը, պատժի վախից  ետ պահեն իրենց չարիքից, նախկինում մեղքով  տարվածները, նայելով Նրա ողորմությանը, ապաշխարության միջոցով վերադառնալու հույսը չկտրեն:
 

Աստված բարի է և միայն բարին է գործում: Եվ մնալով միշտ նույնը՝ ոչ ոքի չի վնասում: Առաքինի ապրելով` մենք Աստծուն ենք դառնում, իսկ չարիք գործելով` Նրանից մերժվում: Սա չի նշանակում, որ Նա բարկանում է մեզ վրա, այլ որ մեր մեղքերը չեն թողնում Աստծուն մեր մեջ բնակվել: Եթե հետո աղոթքներով և ողորմություններով մեղքերից ազատվելու հնար ենք գտնում, ապա դա չի նշանակում, թե մենք Աստծուն սիրաշահեցինք կամ փոփոխեցինք, այլ այն, որ մեր այդ գործերի միջոցով և Աստծուն դառնալով՝ կրկին ընդունակ ենք դառնում ճաշակելու Աստծո շնորհը: Այնպես որ՝ ասել, թե. «Աստված երես է թեքում չարերից», նույնն է, թե. «Արեգակը թաքնվում է տեսողությունից զրկվածներից»:
 

Իրականում մարդն իր ողջ կյանքում զերծ չէ որևէ փորձությունից, նեղություններից և երբեմն էլ այդ ամենը հաղթահարելու անզորության զգացումից, բայց Աստծով ամեն ինչ հաղթահարում է, բարձրանում է իր տկարություններից, իր խնդիրներից վեր,  պայքարում է հին մարդու դեմ՝ իրենում հաստատելով նոր մարդուն. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք. ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս: Իսկ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ՝ ըստ խոստման» (Գաղատացիներ Գ 27-29):
 

Մկրտված ու ճշմարիտ դավանությունը գիտակցող քրիստոնյային զարդարում են առաքինություններն ու Աստծո կամքի առջև խոնարհվելը, իսկ խոստացված գերագույն պարգևը հենց Աստված է, Նրա կենդանի ներկայությունը մարդու մեջ:

 
 

Պատրաստեց Նարինե Նահապետյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×