Ամանորյա հրաշքներ իրագործող Սանտա Կլաուսը

Ամանորյա հրաշքներ իրագործող Սանտա Կլաուսը

Ամանորյա հրաշքներին բոլորն են հավատում, բայց ամենից շատ, թերևս, երեխաներն են  անհամբերությամբ սպասում այդ օրվան, որ  Ձմեռ պապիկից ստանան իրենց ցանկալի ամանորյա նվերները:Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ  բոլորս սկսում ենք հավատալ հրաշքների, փորձում ենք դառնալ  ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ և այդ ամենը արտահայտում ենք ամանորյա նվերների միջոցով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: «Եվ երբ այն տունը  մտան, տեսան  մանկանը իր մոր՝ Մարիամի հետ  միասին  և ընկան ու երկրպագեցին նրան.և բանալով  իրենց  գանձատուփերը՝ նրան  նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2:11):

 

Երբ ասում ենք Ամանոր, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, հրաշագործ բարի Ձմեռ պապի կերպարն է, որը գալիս է մեծ պարկը շալակին և նվերներ  բաժանում մանուկներին: Ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, որ ամեն տարի այցելում է մեզ, ինչու՞ են տարբեր երկրներում նրան տարբեր անուններով կոչում:  Նա, ում մենք Ձմեռ պապ ենք անվանում, աշխարհին ավելի հայտնի է Սանտա Կլաուս անվամբ:
 

3-րդ դարի վերջին Փոքր Ասիայում գտնվող հնագույն Լիկիայի Պատարի քաղաքում ազնվական ծագում ունեցող հարուստ վաճառական Թեոփանեսի ընտանիքում որդի ծնվեց, ում ծնողները, որպես բարեպաշտ հավատացյալներ, կնքեցին Նիկողայոս քրիստոնեական անվամբ, որը նշանակում է ժողովրդի հաղթող: Աստծո մեծ սիրեցյալը կյանքում շատ անգամներ առիթ ունեցավ հաղթահարել մարդկային չարությունը: Փոքր հասակում  կորցնելով ծնողներին՝ մեծանում է իր հորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամակալությամբ, ով էլ հետագայում նրան քահանա է ձեռնադրում: Հետևելով ավետարանական այն խոսքերին, որում ասվում է՝  «Եթե  ուզում  ես կատարյալ  լինել, գնա՛,  վաճառի՛ր, ինչ-որ  ունես  և տու՛ր աղքատներին. Այդպիսով  երկնքում պիտի գանձ  ունենաս.  ապա  վերցրու՛  խաչդ  և հետևի՛ր ինձ» (Մարկոս 10:21): Նա  հենց այդպես էլ վարվում է՝ վաճառում է իր ողջ ունեցվածքը և բաշխում աղքատներին:
 

Սուրբ Նիկողայոսի բարեգործությունների մասին շատ ավանդազրույցներ կան, որոնցից, թերևս, ամենահայտնին հետևյալն է: Մի աղքատ քաղաքացի ամուսնության տարիքի երեք դուստր ուներ: Դրամ չունենալու պատճառով՝ ի վիճակի չէր նրանց օժիտ տալ և ամուսնացնել:  Ս. Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է՝  ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Իմանալով այդ մասին՝  Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո Նիկողայոսը ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որն ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ: Այդպիսով նա փրկում է այդ ընտանիքը սովից և հոգևոր կործանումից: Հետագայում նա շարունակում է իր գաղտնի բարեգործությունները Սուրբ Ծնունդի նախօրեին՝ կարիքավոր մարդկանց դռան առջև դրված կոշիկներում դրամ կամ ուտելիք թողնելով:
 

Իր հրաշալի արարքով Սուրբ Նիկողայոսը սկիզբ է դնում Սուրբ Ծննդյան տոներին կոշիկներում կամ գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին: Մարդիկ հագնում էին եպիսկոպոսի հանդերձանք և նվերներ բաժանում երեխաներին: Աստիճանաբար հոգևորականի կերպարը երեխաների պատկերացումներում վերափոխվեց բարի պապիկի կերպարի:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×