Հայ առաքելական եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը, նշում է դեկտեմբերի 9-ին, որը եկեղեցական տոնացույցում ունի իր առանձնահատուկ տեղը:
Սուրբ Մարիամը ծնվել է ամուլ ծնողներից: Հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ Աննան՝ Ղևիի: Թե՛ Հովակիմը, թե՛ Աննան բոլորի սերը վայելող, Աստծուց երկյուղ ունեցող, անկեղծ մտքով և ճիշտ արժանիքների կրող մարդիկ էին, ովքեր երկար ժամանակ է՝ զավակ չէին կարողանում ունենալ: Հովակիմին մտատանջում էր այս միտքը, ուստի նա, թողնելով ամեն ինչ, հեռանում է տանից և օր ու գիշեր աղոթում Աստծուն.աղոթքը դարձավ կերակուր, իսկ արտասուքը՝ ջուր:
Մի օր, երբ Աննան հերթական անգամ գնում է պարտեզ՝ աղոթքի, հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրան, որ ինքը զավակ է ունենալու, ում բոլորը երանի են տալու: Այդ մեծ շնորհին արժանացնելու համար, Աննան խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Այս նույն տեսիլքը տեսնում է նաև Հովակիմը և վերադառնում կնոջ մոտ:
Այս տոնը ևս մեկ հնարավորություն է վերաարժևորելու մեր կյանքը, քրիստոնյա լինելու երջանկությունը, հնարավորություն է արժանանալու այդ կոչմանն ու Աստվածամոր բարեխոսությանը: Այս ավանդույթն ու օրվա խորհուրդը առիթ է հոգևոր ցնծության. երանի այդ ցնծությունը շարունակական լինի և վերածվի աղոթքի, զղջումի և ապաշխարության:
Հովակիմն ու Աննան, ովքեր զավակ չէին կարողանում ունենալ, հույսով ու աղոթքով սպասում էին Աստծո կամքի դրսևորմանը, և այդ հույսն արդարացվեց, նրանց աղոթքները անպատասխան չմնացին: Հետևաբար, այսօրվա տոնը մեզ ցույց է տալիս պտղաբեր լինելու իրական ճանապարհը: Որպեսզի արժանանք փրկության և երջանկության, ինչպես Աստվածամայրն իր օրինակով ցույց տվեց, որ պետք է ապրենք լիարժեք կյանքով, հոգեպես վերածնվենք, հաղթահարենք մեղքը, լցվենք հույսով ու հավատով: Թող զղջումն ու ապաշխարությունը, անկեղծ աղոթքն ու հույսը լինեն մեզ համար առիթ՝ վերածնվելու և լիարժեք կյանքով ապրելու:
Լիլիանա Օսիպյան