Հոգևոր կյանքում Աստծո գոյությունն ընդունելուց առավել կարևոր է Նրան վստահելն ու Տիրոջ պատգամներով ապրելը: Այս պարագային է հոգևոր կյանքը լինում պտղաբեր: Ասածիս վկայությունը Ս. Մարիամ Աստվածածնի ամուլ ծնողների՝ Հովակիմի և Աննայի հավատքն ու վստահությունն էր, որի արդյունքում զավակ ունեցան: Ինչպես Հին Կտակարանում ամուլ Սառայի՝ Աբրահամի կնոջ, Աննայի՝ Սամուել մարգարեի մոր, Ավետարանում Եղիսաբեթի՝ Հովհաննես Մկրտչի պարագային Աստծո խոստումն իրականացավ իրենց հավատքի ու վստահության արդյունքում:
Աստվածաշնչյան այս կանայք առաջացած տարիքում էին և նրանց որդեծնությունը անհնար էր թվում: Մարդիկ նախատում էին նրանց, թե ինչո՞ւ է Աստված լքել նրանց և զավակ չի պարգևում: Մարդկանց չափանիշները տարբեր են, Աստծունը տարբեր. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է» (Ղուկ. 18.27):
Ինչպես մեր հայրերն են ասում. «Աստված նույնն է երեկ, այսօր և վաղը»: Նա խոստացել է մեզ, որ եթե հավատանք, կյանք կունենանք, ավելին կտրվի: Եվ Նրա խստումը չի անցնի: Եթե Աստված խոստացել է՝ «երկինք ու երկիր կանցնի, բայց Աստծո խոսքը կմնա հավիտյան»:
Որքան էլ աշխարհի աղմուկը, հոգսերը, գայթակղությունները հակառակն ապացուցեն, մենք՝ քրիստոնյաներս, խոստման որդիներ ենք: Որքան ամուր բռնենք Տիրոջ խոստումը, այնքան իրական կլինի այն մեր կյանքում:
Աստվածաշնչյան հերոսների կենդանի օրինակով Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ եթե քայլ անենք դեպի Աստված, որքան էլ մեղավոր լինենք, «կարդարանանք մեր հավատով», ինչպես Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հովսեփը՝ Հին ուխտում, առաքյալները՝ Նոր ուխտում: Անգամ չիմանալով, թե ուր է կանչում իրենց Աստված, նրանք թողեցին ամեն ինչ և հետևեցին Տիրոջը, երբևէ կասկածի տակ չառան Աստծո կոչը, որքան էլ իրողությունները և երևույթներն անհույս էին:
Ժամանակներ են անցել, բազում քամիներ փչել, բայց պատմության փոշին չի կարողացել հաղթել Աստծո զավակների՝ մարգարեների ու առաքյալների գործերը: Նրանք փոխեցին աշխարհը և այսօր էլ նրանց օրինակով մենք ենք հաստատվում ՝ նորագույն ժամանակների քրիստոնյաներս:
Սուրբ Գրքի հերոսների ճանապարհը հեշտ չէր, նրանք բոլորն էլ անցել են կասկածների, վախերի, հարձակումների անապատներով: Դարեր առաջ զարգացած ջրամատակարարման համակարգի փոխարեն Իսահակը ջրանցքներ էր փորում, Հակոբի հարստությունը ոչ թե դղյակներն էին, այլ անասուններն, էլեկտրական լամպի փոխարեն ճրագ էին վառում և ավտոմեքենայի փոխարեն ուղտեր և ձիեր ունեին: Նոր ժամանակների տեխնիկական հնարավորությունները, սակայն, չեն փոխել մարդու էությունը. մարդը նույնն է: Որքան էլ գիտությունը զարգանա, միևնույն է մարդկային իմաստությունը հեռու է աստվածայինից: Նորագույն ժամանակներում էլ նույն կասկածներն են, տառապանքը, վախերն ու անհանգստությունները: Գիտության զարգացմանը զուգահեռ դրանք չեն նվազել, այլ ավելացել են, որովհետև մարդկությունը կորցնում է Աստծո հետ կենդանի շփումը, մարդկությունը մոռանում է Տիրոջ խոստումը:
21-րդ դարում, ինչպես երկու հազար տարի առաջ, հնչում է Մարդու Որդու ձայնը.
-Հավատու՞մ ես:
Եվ Մարդու Որդին սպասում է մեր պատասխանին.
-Օգնիր իմ անհավատությանը, Տեր:
Նարե Շարմազանովա