Քրիստոնեությունը կրոն լինելուց առաջ հավատք է

Քրիստոնեությունը կրոն լինելուց առաջ հավատք է

Արդի աշխարհում կան շատ կրոններ, ըստ որոնց ներկայացուցիչների` միակ ճշմարիտ կրոնը իրենցն է, որ ճանապարհ է հարթում դեպի Աստված: Այս բոլոր մոլորությունների մեջ մեզ միայն մի բան է մնում՝ համբերատարություն ու հանդուրժողականություն ցուցաբերել՝ մինչ վերջնական ճշմարտության հաստատում:
 

Սակայն, այս ամենով հանդերձ, մեզ հարկավոր են ճիշտ պատասխաններ Աստծո վերաբերյալ, որպեսզի չտատանվենք գոյություն ունեցող բազում կրոնների մեջ:
 

Մարդիկ ստեղծված են «հոգևոր կարիքներով», որոնք կարող են բավարարվել՝ երկրպագելով Աստծուն: Այդ կարիքները բավարարելու համար մարդիկ ստեղծել են բազմաթիվ կրոններ, որոնք հիմնված են մարդկային գաղափարների,  ոչ թե Աստծո հայտնության վրա։ Որոշ կրոնական ծիսակարգեր ծառայում են մեկ նպատակի` ներգործելով մարդկանց զգացումների և գիտակցության վրա, նրանց ենթարկել տվյալ խմբի կամ նրանց առաջնորդների կրոնական պատկերացումներին: Նման կրոններն օգտագործում են մարդկանց իրենց նպատակների համար: Սակայն, ի տարբերություն բազմաթիվ կրոնների, քրիստոնեությունը` ի դեմս Հիսուս Քրիստոսի, եկավ, որ ճանաչելի դարձնի մեզ Աստծուն և հռչակի, որ Աստված սեր է, և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մարդու կրոնական ձգտումները կարող են լիարժեք բավարարվել, քանի որ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհըճշմարտությունն ու կյանքըոչ ոք Հոր մոտ չի գալիսեթե ոչ ինձնով»(Հովհ. 14.6): Որպեսզի կրոնն օգնի մարդկանց մոտենալ Աստծուն, այն պետք է առնչվի նրանց ապրելակերպին՝ առօրյա կյանքին, ոչ թե լինի պարզապես ծեսերի և արարողությունների մի համակարգ։
 

Քրիստոնեությունը կրոն լինելուց առաջ հավատք է, որը հիմնված չէ մարդկային փիլիսոփայության վրա։ Այստեղ կարևոր է կենսակերպն ու գործնականում Քրիստոսի օրինակին հետևելը:
 

Սովորաբար աղանդները ձևավորվում են առանձին անհատների կողմից և հիմնականում հոգեբանական բնույթ են կրում: Եթե նորաստեղծ աղանդների հիմքում ընկած էին անհատների հոգեկան խռովություններն ու ճգնաժամը, ապա այսօր դրանք պարզապես գումար աշխատելու միջոց են որոշ մարդկանց ձեռքում և լրտեսական ցանց` ծպտված կրոնի դիմակով:  Այն կրոնները, որոնց ուսմունքները հակասում են Աստվածաշնչին, իրականում մարդկանց հեռացնում են Աստծուց։

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×