Բացարձակ բարության վիճակ

Բացարձակ բարության վիճակ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է հայտնի և անհայտ, հին և նոր սրբերի տոնը: Տոնացույցում հատուկ օրեր են սահմանվել` հիշատակելու համար այն սրբերին, որոնք խիզախ կյանքով, զրկանքների, չարչարանքների ենթարկվելով ու անգամ նահատակությամբ վկայել են Աստծո նկատմամբ իրենց հավատը, տարածել Քրիստոսի խոսքն ու կամքը: Հայ եկեղեցին ունի տոնելի և հիշատակելի սրբեր: Տոնելիները նրանք են, ովքեր մտել են Տոնացույց, ունեն հիշատակի օրեր, եկեղեցական օրացույցում հատուկ տոն, հիշատակվում են Ս. Պատարագի ժամանակ. նրանց համար սահմանվում են տոնակատարություններ, հորինվում շարականներ: Հիշատակելի են կոչվում այն սրբերը, ովքեր չեն մտել Տոնացույց, չունեն հատուկ տոն, բայց հիշատակվում են Հայսմավուրքներում, վարքերում և վկայաբանություններում, օր.` հայոց նոր վկաները: Սրբերն այն մարդիկ են, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
 

Մարդը սուրբ է Աստծո հետ իր հարաբերությամբ, այսինքն, երբ Աստծո ներկայությունը կրում է իր մեջ. «Սո՛ւրբ եղեք, քանզի ես` ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. 19.2,): Սուրբը կատարյալ  քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, ապաշխարությամբ մեղքից ազատագրված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է:
 

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×