Եթե մարդն իմանար ու հասկանար` ով է ինքը, տեղյակ լիներ աստվածային ճշմարտություններին, ապա կունենար բարության և ազգակցության զգացումներ իր նմանի հանդեպ, ինչը և՛ կփոխեր մարդկանց ողջ կենսակերպը, և՛ խաղաղություն կբերեր երկրի վրա:
Քանի որ Աստված մեր Հայրն է, մենք բնական ցանկություն ունենք սիրել և ծառայել Նրան և լինել Նրա ընտանիքի արժանի անդամները:
Այն ամենը, ինչ անում ենք եկեղեցում կենտրոնացած է աստվածային օրենքի շուրջ. մենք պետք է սիրենք և երկրպագենք Աստծուն և ծառայենք մեր մերձավորներին:
Մարդիկ կոչված են սիրելու և կարեկից լինելու միմյանց, ինչն իրական կդառնա, եթե մեր սրտերում չլինի չարություն, այլ լինի միմյանց մշտապես ներելու պատրաստակամություն: Թո՛ղ ամեն մեկը հիշի իր անձնական ձախողումներն ու թուլությունները և ջանա ուղղել դրանք, այլ ոչ թե իր ժամանակը վատնի՝ դիմացինի սխալները մատնացույց անելով: Այս կերպ դառնում ենք հանդուրժող, բայց, դիմացինին հանդուրժելով, մենք իրեն «լավություն» չենք անում: Հանդուրժողականությունը հարգանք է դիմացինի ազատ ընտրության նկատմամբ: Հանդուրժելը ենթադրում է սովորել ապրել իրականության և իրականության հանդեպ պատասխանատվության զգացումով:
Մյուս կողմից, հանդուրժողականության այսօրվա պատկերացումներն ավելի շատ անտարբերության են տանում. քրիստոնյան իր բնույթով պետք է պատասխանատվություն կրի իր շուրջը տեղի ունեցող իրողությունների հանդեպ և իրավունք չունի անտարբեր լինելու, հակառակ դեպքում հոգևոր դաշտում աճող մոլախոտերը կփչացնեն առողջ բերքը: Մենք կարող ենք մեղանչել կամ քար շպրտել մեղանչողների վրա, կարող ենք հանդուրժել չարը, ընդհուպ մինչև անտարբեր լինել մեր շուրջը կատարվող ամեն ինչի հանդեպ. ընտրությունն ու դրանից բխող պատասխանատվությունը մերն է, պարզապես չպետք է մոռանալ, որ մեր առաքելությունը մեր կյանքի մոլախոտերը մաքրելն է ու բարի պտուղներ աճեցնելը:
Սակայն մոլախոտերը հեռացնելիս պետք չէ մոռանալ սիրո մասին: Աշխարհն ավելի լավը չի դառնում, երբ մենք մեր ներսի քարերը շպրտում ենք այլոց վրա, երբ մենք մեր մոլախոտերը թողած՝ մատնացույց ենք անում դիմացինի բացթողումներն ու արատները. մենք որպես դատավորներ չենք կանչվել այս աշխարհ: Մենք կանչվել ենք պայքարելու հանուն սիրո, հանուն արդարության, հանուն մեզ ժառանգված արժեքների ու ճշմարտության, հանուն Աստծո Արքայության հաստատման:
Ուստի հանդուրժողականությունը մեր բարոյական ու հոգևոր ճանապարհի վերջին հանգրվանը չէ, այլ ամեն բան սկսվում է հենց այստեղից. մենք պետք է էլ ավելին անենք, եթե ցանկանում ենք ներդաշնակության հասնել մեր աշխարհում:
Մարիետտա Խաչատրյան