Ավետարանն այն բանալին է, որ հնարավորություն է տալիս հասկանալու ողջ մարդկության համար Աստծո փրկագործության ճանապարհը և, միաժամանակ, այնպիսի հոգևոր գիտելիքների աղբյուր է, որ կարող է մարդուն ոգեշնչել ու բարձրացնել վեր՝ հասցնելով դեպի կատարելության:
«Ավետարան» հունարեն (էվանգելիոն) բառի թարգմանությունն է, որը նշանակում է բարի լուր: Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ ավետիսը, որ տրվել է մարդկությանը, Աստծո և մարդու միջև կնքվող հաշտությունն էր, որով մարդ արարածն արժանի է դարձել աստվածային շնորհին, այսինքն՝ լինելու «աստվածային կյանքի» կրողն ու ժառանգորդը:
Նոր Կտակարանի կանոնում ընդգրկված Ավետարանները չորսն են: Դրանք են՝ Ավետարան ըստ Մատթեոսի, Ավետարան ըստ Մարկոսի, Ավետարան ըստ Ղուկասի, Ավետարան ըստ Հովհաննեսի: Ավետարանների գրության համար եղել են կոնկրետ շարժառիթներ, ինչի գիտակցումով էլ ավետարանիչները գրել են այս գրքերը։ Հիմնական շարժառիթներն են եղել՝ մոռացությունից փրկել Քրիստոսի երկրային կյանքի պատմությունը, մարդկանց առաջնորդել դեպի փրկություն, Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկությանը հաղորդակից դարձնել աստվածային բարի լուրին, եկեղեցական սրբազան ավանդությունը վերածել գրավոր վկայության:
Ավետարանների միջոցով մենք բացահայտում ենք, թե ինչպես է ծնվել Հիսուս, ինչ ճանապարհ է անցել իր երկրային կյանքում, ինչ է քարոզել, սովորեցրել մարդկանց, ինչպիսի հրաշքներ է գործել, հանուն ինչի է խաչվել, մահը հանձն առել և ի վերջո՝ հարություն առել:
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց ի վեր Հայ եկեղեցիներում մինչ գրերի գյուտը Ավետարանն ընթերցվել է հունարեն լեզվով, և այն թարգմանվել ու բացատրվել է հասարակ ռամիկից մինչև իշխանավոր, հետևաբար հայոց պատմության մեջ Ավետարանն իր կարևոր տեղն է ունեցել և մշտապես արժևորվել՝ որպես մարդու կյանքը վերափոխող և վերաիմաստավորող աստվածային հայտնություն։
Երբեմն մենք մտածում ենք, որ մեր մեղքերն այնքան մեծ են, որ Աստված երբեք էլ չի ների, բայց Տերը միշտ էլ պատրաստ է ներել մեր մեղքերը պարզապես պետք է պատրաստակամորեն ապաշխարենք և ցանկանանք մոտենալ Նրան, իսկ այդ ամենին հասնելու համար կարևոր է Ավետարանի ընթերցանությունը և մի պարզ ճշմարտության գիտակցում, որ այն Աստծուն ճանաչելու և Նրան մոտենալու միակ հնարավորությունն է. չէ՞ որ քավության, փրկության, լիարժեք կյանքի խորհուրդն իրական է, երբ գիտենք Աստծո կամքը, իսկ այն բացահայտվում է Ավետարանների միջոցով:
Մարիետտա Խաչատրյան