Գիտակցիր Աստծո ներկայությունը քո կյանքում

Գիտակցիր Աստծո ներկայությունը քո կյանքում

Աստծո հետ հաղորդակցվելու լավագույն միջոցը հավատն է՝ երևույթների, մարդկանց, սեփական անձի և, ընդհանրապես, ամեն ինչի նկատմամբ:
 

Երբևէ մտածե՞լ եք, որ կյանքում հաճախ դեպքեր են պատահում, որ այս կամ այն իրողությանը հավատալու համար մենք պարզապես դիմացինին խոցում ենք, այլ կերպ ասած ցավ պատճառում մինչև համոզվենք, որ նա չի ստում:
 

Այդպես էր նաև Քրիստոսի խաչելության ժամանակ, երբ Ղուկիանոս հարյուրապետը, չհավատալով, որ Նա Աստծո որդին է, խոցում է Տիրոջ կողը և, երբ բացված վերքից հոսած արյունն ու ավիշը թափվում են վերջինիս աչքերին՝ Ղուկիանոսը կուրանում է: Այս ամենից հետո հավատում է ու բղավում՝ Սա, իրոք, Աստծո որդին է:
 

Մենք ամեն օր խոցում ենք Քրիստոսին՝ մեր սխալներով, ստերով, իրական քրիստոնյային ոչ հարիր պահվածքով:
 

«Խոցիր» ինքդ քեզ. առաջնահերթ գիտակցիր սխալներդ, ճանաչիր քեզ իրականում և միայն այդժամ կգիտակցես Աստծո զորությունն ու ներկայությունը քո կյանքում:
 

Հեշտ է գործել սխալներ, բայց դրանք գիտակցելն ու դարձի գալը միայն վեհ հոգիներին է հատուկ: Իհարկե, ոչ ոք անսխալական չէ և, ոչ մեկ երաշխավորված չէ սխալներ գործելուց, ինչպես, օրինակ հենց Սուրբ Ղուկիանոսը գիտակցելով իր մեղքը՝ իրեն կրթեց բարեպաշտությամբ, երկնային վարքով, ազատ ու մաքուր պահեց միտքը, մի շարք մարդկանց օգնեց դառնալ աստվածապաշտ ու արդարամիտ և արժանացավ Աստծո ծառան լինելուն:
 

Մեր կյանքը կառուցված է հավատի վրա, որքան մենք դա շուտ գիտակցենք, այնքան ավելի հեշտ կլինի ապրել:
 

Դարձիր կատարած քայլերիդ առաջին ու միակ քննադատը. փորձիր վերանայել ու վերաիմաստավորել  կյանքն ամեն պահ:
 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-09
×